«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլքան Վուրալը վերադարձից առաջ «Հայլուր» գործակալության թղթակցի հարցերին պատասխանելիս արել է մի շարք «արժեքավոր» հայտարարություններ, որոնք հայ ժողովրդին հղված արդի թուրքական քաղաքականության պատգամների տեսք ունեն։
Պատգամ առաջին. «Տարածքային զավթումների ժամանակները անցել են»։ Հավանաբար սա իրենց է վերաբերում, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք չի վարել տարածքային զավթումների քաղաքականություն։ Պարոն թուրք դեսպանի դատողությունը ակնհայտորեն երկիմաստ է։ Նշված հաստատում պարունակող դատողությունից կարելի է եզրակացնել, որ ով ինչ զավթել՝ զավթել է, եւ այլեւս անվերադարձ է ժամանակի ընթացքը։ Բայց կարելի է եւ եզրակացնել, որ եկել են արդարության վերականգնման ժամանակները։ Ուզում էի հարցնել պարոն դեսպանին, թե ինքը դատողության ո՞ր մեկնաբանությունն է պաշտպանում։ Բայց «Հայլուրին» տված հարցազրույցի միջնամասում նա ինձ կանխեց՝ հայտարարելով. «Մենք ելնում ենք այն բանից, որ Նախիջեւանը Ադրբեջանի մասն է»։ Ահա թե ինչպես է թուրք դիվանագետը մեկնաբանում «Տարածքային զավթումների ժամանակները անցել են» նոր ժամանակների համաշխարհային քաղաքականության հերթական կարգախոսը։ Հանրահայտ տրամաբանություն է եւ բնորոշ բոլոր այն պետություններին, որոնց պետականության սահմանները ընդարձակվել են այլ ժողովուրդների պատմական տարածքների հաշվին։ Միայն թե դեսպանը հասցեատիրոջ հարցում «սխալվում» է։ Եթե տարածքային զավթումների ժամանակներն իրոք անցել են, նշանակում է աշխարհում հաղթում է քաղաքակրթությունը։ Բայց քաղաքակրթության վերջնական հաղթանակը պահանջում է, որ օրինական տիրոջը վերադարձվի զավթվածը։ Այլապես մարդու իրավունքների պաշտպանության քաղաքակիրթ սկզբունքը դառնում է ազգի ինքնորոշման իրավունքի ոտնահարման պատրվակ։ Առավել եւս, որ մարդկանց զրկելով ազգային պետականությունից, ասել է թե՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ապաստարանից, ավելի դյուրին է դառնում անպաշտպան ազգի բնաջնջումը, ինչպես դարասկզբին կատարվեց հայ ժողովրդի հետ։ Չէ՞ որ երիտթուրքերը եւս դարասկզբին խոսում էին մարդու իրավունքների ու քաղաքակրթության անունից։ Բայց, պարզվում է, պարոն թուրք դիվանագետը այս հարցում եւս ունի «հատուկ» կարծիք։
Պատգամ երկրորդ. «Հայկական կողմը ծայրահեղ միակողմանի բացատրություն է տալիս 1915 թվականին կատարվածին… Բայց թե ինչպե՞ս են դրանք սկսվել, ինչի՞ց են սկսվել, իրականում ի՞նչ էր տեղի ունենում՝ ճշգրիտ հայտնի չէ»։ Դիվանագիտական ինչպիսի փայլուն «անտեղյակություն»։ Փաստեր ու փաստաթղթեր բերելու հարկ չկա։ Պարոն դեսպանը իր երկրի ու ժողովրդի արժանավոր քաղաքացին է ու քաղաքական գործիչը։ Տեսնո՞ւմ եք, թե «մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքների» կողմնակցի պատմական հիշողության հետ ինչ կարող է պատահել, երբ դրվում է մի ողջ ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը։ Դե գնա ու Նախիջեւանում հայ մարդու իրավունքների պաշտպանության հարց դիր։ Պարոն դեսպանը կզարմանա, թե Նախիջեւանում ընդհանրապես հայ ապրե՞լ է։ Իսկ եթե այո, ապա նա « որտեղից իմանա, թե ինչպես եղավ» եւ «ինչից սկսվեց» Նախիջեւանի հայաթափումը։ Իսկ թե պատմական հաստատումներ գտնվեն՝ դեսպանը այդ կապակցությամբ այլ պատասխան ունի։
Պատգամ երրորդ. «Նրանք, ովքեր ԱՄՆ-ում (խոսքը արտերկրի հայության մասին է.– Է.Հ.) ապրում են տաք, հարմարավետ բնակարաններում (մեզանում արտերկրի մեր հայրենակիցների մասին վերին կամոք օգտագործվում է «նարինջ ուտող» արտահայտությունը.– Է. Հ.), նրանց համար դյուրին է իրենց տներում ու գրասենյակներում նստած Թուրքիային մեղադրելը»։ Ինչպիսի սրտացավություն։ Ազգի տարբեր հատվածների միջեւ սեպ խրելու ինչպիսի էժան հնարք։ Մեր ներքին գործերին չխառնվելու «քաղաքակիրթ դիվանագիտություն»՝ շաղախված Ր. Հովհաննիսյանին քաղաքականությունից հեռացնելու փաստից բխող անսքող ուրախությամբ։ Պարզվում է, «կասկածելի» ցեղասպանության հիշողությունը արտերկրից են մեզ պարտադրել, իսկ ղարաբաղյան ձգձգվող հակամարտությունը պատերազմով հարստացողների ձեռքի գործն է…
Ինչեւէ։ Թուրքական դիվանագիտություն է։ Հացը ոգուն հակադրելու եւ «հացիվի» հաղթանակի ակնկալիքով: Բայց այդպե՞ս են, արդյոք, ազգամիջյան ու միջպետական հարաբերություններ հաստատում։
Ինչ վերաբերում է Հայաստանում պարոն դեսպանին ջերմությամբ ընդունելուն՝ քաղաքակրթություն է ու քաղաքավարություն։ Այլ հետեւություններ պետք չէ անել:
ԷԴՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ