October 18, 2021

Վոլքան Վուրալի «Պատգամները»

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Ռուսաստանի Դաշնությու­նում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլքան Վուրալը վերադարձից առաջ «Հայլուր» գործակալության թղթակցի հարցե­րին պատասխանելիս արել է մի շարք «արժեքավոր» հայտարա­րություններ, որոնք հայ ժողովր­դին հղված արդի թուրքական քա­ղաքականության պատգամների տեսք ունեն։

Պատգամ առաջին. «Տարած­քային զավթումների ժամանակնե­րը անցել են»։ Հավանաբար սա իրենց է վերաբերում, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք չի վարել տարածքային զավթումների քաղա­քականություն։ Պարոն թուրք դես­պանի դատողությունը ակնհայտորեն երկիմաստ է։ Նշված հաստա­տում պարունակող դատողությու­նից կարելի է եզրակացնել, որ ով ինչ զավթել՝ զավթել է, եւ այլեւս անվերադարձ է ժամանակի ընթաց­քը։ Բայց կարելի է եւ եզրակաց­նել, որ եկել են արդարության վե­րականգնման ժամանակները։ Ու­զում էի հարցնել պարոն դեսպա­նին, թե ինքը դատողության ո՞ր մեկնաբանությունն է պաշտպա­նում։ Բայց «Հայլուրին» տված հարցազրույցի միջնամասում նա ինձ կանխեց՝ հայտարարելով. «Մենք ելնում ենք այն բանից, որ Նախիջեւանը Ադրբեջանի մասն է»։ Ահա թե ինչպես է թուրք դիվանագետը մեկնաբանում «Տարածքային զավթումների ժամանակները անցել են» նոր ժամա­նակների համաշխարհային քաղա­քականության հերթական կարգա­խոսը։ Հանրահայտ տրամաբա­նություն է եւ բնորոշ բոլոր այն պետություններին, որոնց պետա­կանության սահմանները ընդար­ձակվել են այլ ժողովուրդների պատմական տարածքների հաշվին։ Միայն թե դեսպանը հասցեատի­րոջ հարցում «սխալվում» է։ Եթե տարածքային զավթումների ժամա­նակներն իրոք անցել են, նշանա­կում է աշխարհում հաղթում է քա­ղաքակրթությունը։ Բայց քաղա­քակրթության վերջնական հաղթա­նակը պահանջում է, որ օրինական տիրոջը վերադարձվի զավթվածը։ Այլապես մարդու իրավունքների պաշտպանության քաղաքակիրթ սկզբունքը դառնում է ազգի ինքնորոշման իրավունքի ոտնահար­ման պատրվակ։ Առավել եւս, որ մարդկանց զրկելով ազգային պե­տականությունից, ասել է թե՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ապաստարանից, ավելի դյուրին է դառնում ան­պաշտպան ազգի բնաջնջումը, ինչ­պես դարասկզբին կատարվեց հայ ժողովրդի հետ։ Չէ՞ որ երիտթուրքերը եւս դարասկզբին խոսում էին մարդու իրավունքների ու քաղաքակրթության անունից։ Բայց, պարզվում է, պարոն թուրք դիվա­նագետը այս հարցում եւս ունի «հատուկ» կարծիք։

Պատգամ երկրորդ. «Հայկա­կան կողմը ծայրահեղ միակողմա­նի բացատրություն է տալիս 1915 թվականին կատարվածին… Բայց թե ինչպե՞ս են դրանք սկսվել, ին­չի՞ց են սկսվել, իրականում ի՞նչ էր տեղի ունենում՝ ճշգրիտ հայտ­նի չէ»։ Դիվանագիտական ինչպի­սի փայլուն «անտեղյակություն»։ Փաստեր ու փաստաթղթեր բերելու հարկ չկա։ Պարոն դեսպանը իր երկրի ու ժողովրդի արժանավոր քաղաքացին է ու քաղաքական գոր­ծիչը։ Տեսնո՞ւմ եք, թե «մարդու իրավունքների ու ժողովրդավա­րության սկզբունքների» կողմնակ­ցի պատմական հիշողության հետ ինչ կարող է պատահել, երբ դր­վում է մի ողջ ժողովրդի ցեղա­սպանության ճանաչման հարցը։ Դե գնա ու Նախիջեւանում հայ մարդու իրավունքների պաշտպա­նության հարց դիր։ Պարոն դես­պանը կզարմանա, թե Նախիջեւա­նում ընդհանրապես հայ ապրե՞լ է։ Իսկ եթե այո, ապա նա « որտեղից իմանա, թե ինչպես եղավ» եւ «ին­չից սկսվեց» Նախիջեւանի հայաթափումը։ Իսկ թե պատմական հաստատումներ գտնվեն՝ դեսպա­նը այդ կապակցությամբ այլ պա­տասխան ունի։

Պատգամ երրորդ. «Նրանք, ովքեր ԱՄՆ-ում (խոսքը արտերկրի հայության մասին է.– Է.Հ.) ապրում են տաք, հարմարավետ բնակարաններում (մեզանում արտերկրի մեր հայրենակիցների մա­սին վերին կամոք օգտագործվում է «նարինջ ուտող» արտահայտությունը.– Է. Հ.), նրանց համար դյուրին է իրենց տներում ու գրասենյակներում նստած Թուրքիային մեղադրելը»։ Ինչպիսի սրտացա­վություն։ Ազգի տարբեր հատված­ների միջեւ սեպ խրելու ինչպիսի էժան հնարք։ Մեր ներքին գործե­րին չխառնվելու «քաղաքակիրթ դիվանագիտություն»՝ շաղախված Ր. Հովհաննիսյանին քաղաքակա­նությունից հեռացնելու փաստից բխող անսքող ուրախությամբ։ Պարզվում է, «կասկածելի» ցե­ղասպանության հիշողությունը արտերկրից են մեզ պարտադրել, իսկ ղարաբաղյան ձգձգվող հակա­մարտությունը պատերազմով հարստացողների ձեռքի գործն է…

Ինչեւէ։ Թուրքական դիվա­նագիտություն է։ Հացը ոգուն հա­կադրելու եւ «հացիվի» հաղթանա­կի ակնկալիքով: Բայց այդպե՞ս են, արդյոք, ազգամիջյան ու միջպե­տական հարաբերություններ հաս­տատում։

Ինչ վերաբերում է Հայաս­տանում պարոն դեսպանին ջեր­մությամբ ընդունելուն՝ քաղաքակրթություն է ու քաղաքավա­րություն։ Այլ հետեւություններ պետք չէ անել:

ԷԴՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives