«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Աշտարակը շարունակում է քրեական թեքումով լուրեր մատակարարել։ Վերջին դեպքը հատկանշական է նրանով, որ կատարվել է օրենքի պահպանների անմիջական մասնակցությամբ:
Մարտի 8-ի ուշ երեկոյան ՆԳՆ հատուկ ջոկատի (ՄՀՕՋ) մի քանի աշխատակիցներ այցելել են քաղաքի ռեստորաններից մեկը, որտեղ միջադեպ է տեղի ունեցել նրանց եւ շրջանի երկրապահ ջոկատի անդամներից մեկի միջեւ: Փոխադարձ սպառնալիքները շատ արագ վերածվել են գործողությունների, պայթեցված նռնակ, կրակահերթեր, որոնց արդյունքում սպանվել է ՄՀՕՋ-ի աշխատակիցներից մեկը (մեր տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյա): Երկրապահ ջոկատի անդամը ստացած վերքերից մահացել է երկու օր անց։
Տվյալների այսքան անորոշ լինելը բացատրվում է շատ հեշտ. մանրամասներ իմանալու նպատակով ՆԳՆ լրատվական կենտրոնի հետ կապվելու մեր բոլոր փորձերը ապարդյուն անցան։