Ազգ, 23 մարտի, 1993թ., թիվ 52(303), երեքշաբթի
Ինչպես հայտնի է դարձել ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից, շաբաթ և կիրակի օրերին, Մարտակերտի շրջանում ազատագրվել են Մաղավուզ, Հակոբկամարի, Մինգրեսկ և Ներքին Հոռաթաղ գյուղերը: Ստեփանակերտից մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, թե շարունակվում են մարտական գործողությունները Մարտակերտի շրջանում, զավթված բնակավայրերն ազատագրելու նպատակով: Երեկվա տվյալներով, մարտերը մղվում էին Մարտակերտ շրջկենտրոնի մատույցներում և Աղաբեկալենջ գյուղի մոտ: Հայկական կազմավորումներին հաջողվել է գրավել շրջկենտրոնի մերձակայքում գտնվող կարևոր մի բարձունք: Մանրամասնությունները ճշտվում են: Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջաններում հարաբերական հանգիստ էր: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:
ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի տվյալներով, ադրբեջանական բանակը միայն հունվար ամսին կորցրել է 70 միավոր զրահատեխնիկա, փետրվարին՝ ևս 25:
Լարվածությունը չի թուլանում նաև Հայաստանի հարավային սահմանամերձ շրջաններում: Ինչպես Նոյյան տապան գործակալությանը հայտնի դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնից, երեկ ցերեկը սկսվել է Կապանի շրջանի սահմանամերձ գոտու հրթիռահրետակոծությունը Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի տարածքից: Ժամը 17-ի տվյալներով Կագանլի տեղամասի մոտ մերձամարտ է բռնկվել: Նախնական տվյալներով հայկական կողմից կա երկու վիրավոր: Հայկական կազմավորումները միջոցներ են ձեռնարկում ճնշելու ադրբեջանական կրակակետերը:
«Ազգ»