«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)
Մարտի 19-ին հրապարակվել է Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարությունը, ուր ասված է. «Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թ. Կիտովանիի մարտի 18-ի վերջնագրին, ուր նա պահանջել էր եռօրյա ժամկետում Սուխում քաղաքի տարածքից դուրս բերել թիվ 901 պարաշյուտադեսանտային գումարտակը, հետեւեց ռուսաստանյան ՍՈւ-27 ինքնաթիռի ոչնչացումը։
Այն բանից հետո, երբ մարտի 19-ին ժամը 3:40-ին ռուսաստանյան ռազմական օբյեկտի վրա հայտնվեցին Վրաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 2 գրոհայիններ, օդ բարձրացավ ռուսաստանյան զինված ուժերի ՍՈւ-27 մի գրոհային։ Ժամը 4:30-ին այդ ինքնաթիռը խփվեց վրացական բանակի ՍՍ-75 Ա զենիթահրթիռային համալիրով։
Կան ինքնաթիռի պայթյունի եւ վառվող բեկորների անկման ականատեսներ։ Այս տեղեկատվությունը հաստատում են նաեւ վրացական բանակի զինծառայողների՝ ռադիոյի միջոցով բռնված բանակցությունները, որոնցում հաղորդվում է ինքնաթիռի ոչնչացման հանձնարարության հաջող կատարման մասին»։