«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Ինչպես Ա.Մ.–ի թղթակցին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 16:00-ից մինչեւ 6:45-ը Նախիջեւանի Սադարակի հենակետերից՝ հետեւակի մարտական մեքենաներից, ականանետերից եւ հրաձգային զենքերից գնդակոծվել է Արարատի շրջանի Երասխ գյուղը։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Նկատվում են ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումներ Նախիջեւանի Գյուրմաթաղ հենակետում։
Նույն օրը, Զանգելանի շրջանի Ղազանչի եւ Աղքենդ հենակետերից՝ տարբեր տեսակի մարտական զենքերից ընդհատումներով կրակ է բացվել Կապանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի եւ Կապան-Սյունիք ավտոճանապարհի ուղղությամբ։ Հայաստանի մյուս շրջաններում գիշերը եւ երեկ առավոտյան հանգիստ է եղել։