«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)
Ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվացնել ռազմական գործողությունները Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, նոյեմբերի 16-ի գիշերը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից հրետակոծվել են Արարատի շրջանի Երասխավանի մոտ տեղակայված հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, որի հետևանքով վիրավորվել է ինքնապաշտպանական ուժերի մեկ մարտիկ:
Նոյեմբերի 15-ի երեկոյան տանկերից, «Գրադ» կայանքներից և զենքի այլ տեսակներից կրակ է բացվել Կապան շրջկենտրոնի և հայկական ջոկատների պաշտպանական դիրքերի վրա:
Նոյեմբերի 15-ին Վրաստանի տարածքում գտնվող Սադախլո ադրբեջանական գյուղից մի զինված հրոսակախումբ անցել է Հայաստանի սահմանը և կրակ բացել Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչների վրա: Երկու հոգի մահացել են, երկուսը` վիրավորվել: Զինված ավազակները արագորեն չքացել են` պատանդ վերցնելով 7 հոգու և զավթելով 1 բեռնատար ու 2 մարդատար մեքենա:
Մեկնաբանելով սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը` Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանատու աշխատակից Գագիկ Մարտոյանը «Սնարքի» թղթակցին ասել է, որ «այդ իրադարձությունները կրկին հաստատում են Ադրբեջանի իբր խաղաղասիրական ձգտումների սնանկությունը»: Իրականում այն փորձում է լայնացնել հակամարտության աշխարհագրությունը` օգտագործելով չեզոք երրորդ կողմի տարածքը: