«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)
Սեպտեմբերի 2-ին, կրկին խախտելով Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի ազգային բանակը հրասայլերով ու այլ զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով հարձակում է ձեռնարկել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի վրա:
Ադրբեջանկան բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով փորձել են ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի պաշտպանական գիծը և մոտենալ գյուղին: Հայկական ջոկատները բոլոր ուղղություններով ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն և հետ շպրտել նախկին դիրքերը:
ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալներով, ադրբեջանցիները մարտադաշտում թողել են ավելի քան 30 սպանվածներ և տվել են 100 վիրավորներ: Ոչնչացվել է թշնամու երկու հրասայլ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հանրապետության ԼՂՀ-ի սահմանակից շրջաններից շարունակվել է Մարտունու, Հադրութի և Ասկերանի շրջանների սահմանամերձ բնակավայրերի հրթիռակոծությունը:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, տուժածներ չկան: Կան մասնակի ավերածություններ: