«Երկիր», 1992թ., 29 օգոստոսի, 166 (255)
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, օգոստոսի 28-ի կեսօրին, Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից, նոր հարձակում են ձեռնարկել Հարությունագոմեր գյուղի ուղղությամբ: Չնայած հայերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը չի դադարեցնում պաշտպանական գիծը ճեղքելու փորձերը: Երեկոյան ժամը 17-ի դրությամբ, մարտերը շարունակվում էին:
Կորուստների մասին չի հայտնում:
Հրթիռակոծության են ենթարկվել նաև Մարտունու շրջանի սահմանային բնակավայրերը և ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Օգոստոսի 27-ին, Ֆիզուլու շրջանի տարածքից հրթիռակոծվել է Կարմիր Շուկա ավանը: Հրթիռակոծությունը սկսվել է առավոտյան և ընդհատումներով շարունակվել է մինչև երեկո: Հաջորդ օրը, օգոստոսի 28-ին, Կարմիր Շուկա ավանի հրետակոծությունը վերսկսվել է:
Մյուս կողմից, Աղդամի շրջանի Գյուլաբլի և Աբդալ գյուղերի տարածքներից, օգոստոսի 28-ի առավոտյան, հրթիռա-հրետակոծվել են Մյուրիշեն և Ավդուռ գյուղերը: Հայկական կողմը պատասխան կրակով լռեցրել է թշնամու կրակակետերը: Տուժածների մասին տեղեկատվություն չկան:
Ասկերանի և Հադրութի շրջաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր:
Ճշգրտվել են նաև տեղեկությունները օգոստոսի 27-ին ԼՂՀ մայրաքաղաքի ռմբակոծության հետևանքների մասին. արձակված կասետային-գնդակավոր ռումբերից, տեղում և հիվանդանոցներում՝ ստացված վերքերից մահացել են 14 և վիրավորվել 50 խաղաղ բնակիչ:
Նշենք նաև, որ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի մամլո ծառայությունը հերքել է Ադրբեջանի հեռուստատեսային այն հաղորդագրությունը, ըստ որի, օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինյալները Հադրութի շրջանում ոչնչացրել են հայկական 18 մեքենաներից բաղկացած շարասյունը: