«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)
ԼՂՀ տարածքում ռազմական իրավիճակը մնում է լարված: Օգոստոսի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան թեժ մարտեր են ընթացել Մարտակերտի շրջանի Դրմբոն և Գյուլիթաղ գյուղերի մոտ: Ադրբեջանի ազգային բանակի զինյալները միայն օդուժի աջակցությամբ են կարողացել պահել իրենց դիրքերը Դրմբոն գյուղի մոտ: Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները ունեին զրահատեխնիկայի և կենդանի ուժի զգալի գերակշռություն՝ լուրջ գործողություններ չեն ձեռնարկել: Երկօրյա մարտերի ընթացքում թշնամին կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից նույնպես կան զոհեր և վիրավորներ:
Մարտունու շրջանից ստացված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 24-ի երեկոյան և 25-ի առավոտյան Ամիրանլար և Մուղանլու գյուղերի տարածքներից թնդանոթներից և ականանետերից հրետակոծվել է Մարտունի քաղաքը: Զոհվել է մեկ դեռատի աղջիկ: Կան ավերածություններ, հրդեհվել են մի քանի բնակելի տներ:
Միևնույն ժամանակ, Ֆիզուլու շրջանի տարածքից «Գրադ» կայանքից և հրասայլերից հրետակոծության է ենթարկվել Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղը: Կան վիրավորներ:
Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մամլո ծառայությունից, օգոստոսի 24-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խոջալու գյուղերի վրա ադրբեջանական օդուժը կատարել է մի քանի գրոհ: Երկու բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ նետվել է 13 կասետային ռումբ: Ավերվել են տասնյակ բնակելի տներ, կան զոհեր և վիրավորներ: