«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Այսօր Բաքվից Երևան կժամանի ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին նվիրված Մինսկի միջազգային կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին:
Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնեցին Հայաստանի նախագահի մամլո կենտրոնում նախատեսվում է Ռաֆայելիի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ:
Այցի նախօրյակին Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ռաֆայելիին նամակ էր հղել՝ հայտնելով Հայաստանի շահագրգռվածությունը ղարաբաղյան կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ լուծման հարցում: Նա հավաստիացրել էր, որ Հայաստանն իր կողմից ամեն ինչ կանի Ադրբեջանի հետ երկկողմանի շփումներ հաստատելու համար:
Լեռնային Ղարաբաղին նվիրված Մինսկի միջազգային կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին, հավանաբար ԼՂՀ խորհրդարանի ղեկավարության հետ կհանդիպի ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: Նման ենթադրություն է արել Հայաստանում ԼՂ Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն իր վերջին ուղերձում Արցախ այցելելու խնդրանքով դիմել է Ռաֆայելիին: