«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)
Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են քաղաքացիներին Ադրբեջանի սահմանամերձ գոտում և բուն Ադրբեջանի տարածքում հայերի գտնվելու վտանգավորության մասին: Սակայն, ցավոք, զգուշացումները հաճախ ապարդյուն են անցնում: Այսպես, հունվարի 12-ին Թբիլիսի-Մոսկվա թիվ 14 գնացքը ստիպված եղավ Մոսկվա ուղևորվել Ադրբեջանի տարածքով, քանի որ Արևմտյան Վրաստանում երկաթուղին վնասված էր: Այս մասին գնացքի ուղևորները վաղօրոք տեղեկացվել էին: Չնայած դրան, մոտ 20 հայ ուղևորներ շարունակել են ճանապարհը և Ադրբեջանի տարածքում պատանդ են վերցվել: Նրանց թվում է առնվազն մեկ Հայաստանի քաղաքացի:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ստիպված է կրկին հիշեցնել հարևան հանրապետության տարածքում գտնվելու վտանգավորության մասին: Պատանդներին ազատագրելը չափազանց դժվարին խնդիր է: