կամ հաղթող բանակի պարտված հրամանատարը
(«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)
Հայաստանի պաշտպանական համակարգի շուրջ խոսակցություններն անցած շաբաթ բավականին շատ էին: Դրանք հիմնականում հանգում էին նրան, որ հնարավոր է ՀՀ պաշտպանության նոր նախարարի նշանակում: Դեռ ավելի քան մեկ ամիս առաջ «Հայլուրը» ենթադրություն արեց, որ բուժման նպատակով Փարիզ մեկնող Վազգեն Մանուկյանը ամենայն հավանականությամբ չի վերադառնա որպես նախարար: Այդ ենթադրությունն արդարացավ, ինչպես որ արդարացան վերջին օրերին Հայաստանում ունայնորեն պտտվող շշուկները նոր նախարարի թեկնածության մասին:
Օգոստոսի 21-ի երկու հրամանագրերով Լ. Տեր Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին նշանակեց ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Վազգեն Մանուկյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Սերժիկ Սարգսյանը մինչ այս նշանակումը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարն էր և դիտվում էր որպես ՀՀ իշխանությունների հետ առավել համագործակցող գործիչ:
Ինչ մնում է Վազգեն Մանուկյանին և նրա «այլ աշխատանքին», ապա պետք է նշել, որ նրա համախոհների համար առկա հրամանագրի ստորագրումը բավականին անսպասելի էր, և նրանք քիչ հավանական համարեցին կառավարության կազմում նրա նոր նշանակումը: Հավանաբար այն նաև անսպասելի է եղել հենց Վ.Մանուկյանի համար, քանզի ընդամենը մի քանի օր առաջ լուրեր էին պտտվում, որ Փարիզից խորհրդատվություններ է անցկացնում իր գործընկերների հետ` նախարարության համակարգում որոշ կադրային փոփոխություններ իրականացնելու շուրջ: Չի կարելի բացառել, որ հենց այդ խորհրդատվություններն էլ արագացրել են նախագահական հրամանագրի ստորագրումը: Մի բան պարզ է` հրամանագիրը ստորագրվեց հենց այն պահին, երբ ընդամենը հինգ օրից նախարարը պետք է վերադառնար Երևան:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ արդեն մեկ ամիս սպասող նախագահը կարող էր ևս հինգ օրով հետաձգել իր հրամանագրերի ստորագրումը` գոնե իր իսկ դավանած «էթիկայի կանոնները» չխախտելու համար:
Այսպիսով Աշոտ Մանուչարյանից հետո ասպարեզը վերստին թողեց նաև Վազգեն Մանուկյանը: Եթե առաջինի համար կանխատեսում են վերադարձ դեպի ուսուցչական գործունեություն, ինչն այնքան էլ հավանական չի թվում, ապա երկրորդի համար, հաշվի առնելով այն իրողությունը, որ նա մեկ անգամ արդեն հեռացել ու վերադարձել է, հնարավոր են համարում նոր նշանակումը` չբացառելով հենց վարչապետի պաշտոնը: Թույլ ենք տալիս մեզ կասկածել վերջին ենթադրության առնչությամբ, չնայած որ դիտորդները պնդում են, թե լուրջ խոսակցություններ կան ՀՀ ներկա վարչապետին փոխելու շուրջ, և արդեն պատրաստ է նույնիսկ պատճառաբանող ձևակերպումը. «Ձմեռ-93 ծրագիրը տապալելու համար»:
«Հայլուր», «Երկիր», 1993, 24 օգոստոսի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.