Արցախի խնդիր, բանակի ստեղծում, պաշտպանական և ռազմարդյունաբերական համակարգեր. այս հարցերը կընդգրկի իր աշխատանքներում նախկին վարչապետ, այժմ պաշտպանության գծով պետնախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը: Երեկ ԳԽ նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսում նա կրկին վերհիշեց մեկ տարի առաջ իր կողմից արված հայտարարությունները՝ ասելով, թե Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի բանալին է: Միևնույն ժամանակ նա նշեց, թե ինքը չգիտի որևէ գաղտնի միջոց, որը կհանգեցներ Արցախի հարցի լուծմանը: Փոխարենը նա կարևորեց ազգի միասնությունը նախ Ղարաբաղի, ապա ազգային բանակի խնդրում: Սակայն, ըստ նրա, դրան չի նպաստում հանրապետությունում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը: Վազգեն Մանուկյանը մեկ անգամ ևս կրկնեց, թե մենք սովորական ազգ չենք և պետք է կարողանանք զանազանել ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը երկրորդականներից:
«Պետք է մշակենք հստակ արտաքին քաղաքականություն»,-ասաց նա: Իսկ ո՞րն է նրա վերադարձի պատճառը, նախագահի հետ համատեղ մշակած տակտիկական քա՞յլը, թե պատասխանատվությունն ամբողջությամբ չկրելու փորձը: Մեր այս հարցի առիթով պետնախարարը որոշ համեմատություններ կատարեց և պատասխանեց. թե ոչ մի խաղ չի եղել, ուղղակի վարչապետությունից դուրս գալու պահին ինքը եղել է դրսում` ընդդիմության մեջ: Իսկ հիմա չի կարող այդպես մնալ, որովհետև դրված է Արցախի լինել-չլինելու խնդիրը: Պրն Մանուկյանը կարևորեց նաև իր մեծ դերը արցախյան շարժման մեջ և նշեց, որ իր պատասխանատվությունը պետք է կարողանա մինչև վերջ կրել: Իսկ այն հարցին, թե այս անգամ կունենա՞ արդյոք թիկունքից որևէ աջակցություն, նա ասաց, որ Լևոն Տեր Պետրոսյանի, ՀՀՇ-ի և իր միջև այն ժամանակ եղած շատ սուր հարցերն արդեն մեղմացել են և հույս ունի, թե իրեն սատար կկանգնեն ժողովրդի մի մասն ու տարբեր կուսակցություններ, որոնց հետ նույնպես պատրաստ է համագործակցել:
«Ազգ», 1992, 19 սեպտեմբերի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.