«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)
«Արծվաշենի զավթումը Ադրբեջանի կողմից դեմարշ էր Հռոմի հանդիպման արդյունքների դեմ, քանի որ այնտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինադադարի մասին»,– օգոստոսի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը։ «Լինելով դիվանագիտական դեմարշ՝ այն միեւնույն ժամանակ նաեւ Ադրբեջանի կողմից տարվող հեռուն գնացող նպատակներ ունեցող արկածախնդրական քաղաքականության շղթայի մի օղակն է»»,– ավելացրեց նա։
Ադրբեջանական բանակի կողմից Արծվաշենի բռնազավթման մարտերի ընթացքում հայկական կողմի կորուստները կազմում են՝ 32 անհայտ կորածներ եւ զոհվածներ, անհայտ կորածներից 7-ը՝ քաղաքացիական անձինք են։ Եւս 29 հայորդիներ մնացել են Արծվաշենում, հայտնեց ՀՀ նախագահի մամլո քարտուղարը։ Կատարվածի համար Ռ. Շուգարյանը մեղադրեց նաեւ ռուսաստանյան ղեկավարությանը, որը, խախտելով Ադրբեջանին եւ Հայաստանին միաժամանակ զենք հանձնելու մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանին ավելի շուտ է հանձնում զենքը եւ ստեղծում անհավասարակշռություն, ինչն էլ հարեւան հանրապետությանը հնարավորություն է տալիս նմանատիպ քայլեր ձեռնարկելու։
ՀՀ նախագահի մամլո քարտուղարի կարծիքով Ռուսաստանի ղեկավարության մեջ կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանի թուլացմամբ եւ հայ– ռուսական հարաբերությունների վատացմամբ, քանի որ Հայաստանը չափազանց ճկուն քաղաքականություն է վարում եւ միանշանակ չի արտահայտում անվերապահորեն Ռուսաստանի հետ լինելու դիրքորոշում։ Միեւնույն ժամանակ նա շատ կարեւոր եւ ողջունելի համարեց ԼՂ հակամարտության գոտում, ՄԱԿ-ի հովանու ներքո, ռուսական զինված ուժերի տեղաբաշխման Ա. Կոզիրեւի վերջին առաջարկը, որը նա արել էր Ր. Հովհաննիսյանի հետ վերջերս Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ։
Վերջին ժամանակներում, Հայաստանի ռազմական անհաջողությունների պատճառների մասին հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ավելացնելով, որ ճիշտ չէր լինի անհաջողությունների ողջ պատասխանատվությունը գցել միայն պաշտպանության նախարարի վրա, նա, այնուամենայնիվ, չբացառեց նաեւ նախարարության համակարգում կադրային փոփոխությունների հնարավորությունը։