Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)
Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին
Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ.
- Սահմանել, որ վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածվում է ինչպես 1988 թվականից մինչև դրա ուժի մեջ մտնելը, այնպես էլ այն ուժի մեջ մտնելուց հետո մարտական գործողություններին մասնակցած անձանց վրա:
- Վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածել նաև՝
ա. մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված այն մասնագետների վրա, որոնք զոհվել կամ հաշմանդամ են դարձել:
բ. զինատեսակների փորձարկման ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած մասնագետների վրա:
գ. մարտական գործողություններում անհայտ կորած զինծառայողների, ազատամարտիկների, ինչպես նաև մարտական գործողությունների շրջան գործուղված մասնագետների վրա, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով մեռած են հայտարարվել:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ նույն ընտանիքից զոհվածների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վերոհիշյալ հրամանագրի 1-ին կետով սահմանված միանվագ վճարը տալ յուրաքանչյուր զոհվածի համար առանձին:
- Մինչև վերոհիշյալ հրամանագրի արձակումը տուժած անձանց և նրանց ընտանիքներին պետական բյուջեից հատկացված միջոցները հաշվի առնելով նախատեսվող վճարելիք գումարների մեջ:
- Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի և պաշտպանության նախարարի կողմից մարտական գործողությունների և սահմանամերձ շրջանների գործուղված մասնագետների, ինչպես նաև ազատամարտիկների համար պաշտպանել նրանց աշխատատեղը և միջին աշխատավարձը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝
ա. մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հոսպիտալ ստեղծելու հարցը:
բ. մարտական գործողությունների մասնակցած անձանց բուժման վերականգնողական մասն իրականացնելու համար զինվորական հոսպիտալին տրամադրել առողջարանային համալիր:
գ. երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան