Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում հռչակագիր է ստորագրվել, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու մասին: Հայաստանի կողմից հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Արման Կիրակոսյանը, Թուրքմենստանի կողմից՝ արտգործնախարար Հալքբերդի Աթաևը: Ստորագրվել է նաև երկու հանրապետությունների արտգործնախարարությունների միջև՝ համագործակցության մասին:
Հոկտեմբերի 9-ին ժամը 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների գագաթնաժողովը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Գագաթնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:
Գագաթնաժողովը սկսվել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների համատեղ նիստով, որի ընթացքում ճշտվել է օրակարգը, մասնավորապես տաջիկների խնդրանքով օրակարգից հանվել է Տաջիկստանում իրավիճակի քննարկման հարցը:
Նիստի ընթացքում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱՊՀ երկրների կանոնադրության նախագիծը: Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել խորհրդակցական տնտեսական աշխատանքային հանձնաժողով, ինչպես նաև միջպետական բանկ: Քննարկվել են տնտեսական դատարան ստեղծելու, ԱՊՀ-ի երկրների սահմանների համատեղ պաշտպանության և անվտանգության պահպանման, համատեղ սեփականության նկատմամբ իրավունքի կարգավորման հարցերը: Նիստում քննարկվել է նաև համատեղ դրամական համակարգ ստեղծելու հարցը: Անցել է Ռուսաստանի առաջարկած տարբերակը, այն է՝ ստեղծել միջպետական բանկ, որը կկարգավորի ռուբլու գոտում էմիսիաների և վարկերի հետ կապված խնդիրները:
Նախնական որոշում է ընդունվել միջպետական հեռուստառադիոկոմիտե ստեղծելու մասին: