Հայաստանի Հանրապետություն, 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 200(545)
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները, ստորև կողմեր,
— հաստատելով իրենց ձգտումը պահպանելու և զարգացնելու ձևավորված տնտեսական կապերը փոխշահավետության և հավասարության սկզբունքի հիման վրա, ի շահ իրենց ժողովուրդների,
— ձգտելով դրամաշրջանառության կայունացմանը և բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների տնտեսական շահերի պաշտպանությանը դրամի արժեզրկումից ու ինֆլյացիայից,
— ընդունելով միմյանց վնաս հասցվող ցանկացած գործողություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը,
— գործելով նախապես կնքված երկկողմ և բազմակողմ պայմանագրերին համապատասխան,
Պայմանավորվեցին հետևյալ մասին.
Հոդված 1
Սույն համաձայնագիրը կնքող պետությունների տնտեսական տարածքում միակ օրինական վճարամիջոցը հանդիսանում է ռուբլին: Ռուբլու շրջանառության հետ կապված ոչ մի սահմանափակում թույլ չի տրվում:
Բոլոր վաղօրոք թողարկված դրամի սուռոգատները (կուպոններ, հաշվարկային տոմսեր և այլն) ենթակա են շրջանառությունից հանման ոչ ուշ, քան 1993թ. հունվարի 1-ը:
Հոդված 2
Եթե կողմերից մեկը որոշում է ընդունում ազգային դրամական միավոր մտցնելու մասին, ապա այն կարող է իրագործվել միայն առանձին պետությունների կողմից ազգային վալյուտայի կիրառման դեպքում՝ ռուբլու գոտու պետությունների պաշտպանելու մասին 1992թ. հուլիսի 6-ին Մոսկվա քաղաքում ստորագրված միջպետական համաձայնագրի համապատասխան:
Հոդված 3
Կողմերը ապրանքների փոխադարձ մատակարարումների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հետ կապված հաշվարկները կկատարեն միջազգային առևտրի և բանկային պրակտիկային համապատասխան, ապահովել փոխադարձ հաշվարկների հաշվեկշռություն և բացառել գործընկերների շահերին վնասող ավտոմատ վարկավորումը:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հաշվարկների անհաշվեկշռվածության հետևանքով առաջացած պարտքը, որն արտացոլված է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության բանկի կողմից միմյանց տարածքներում բացված թղթակցային հաշիվներում, ենթակա է կարգավորման:
Անհրաժեշտության դեպքում մի կողմի պարտքը մյուս կողմի հանդեպ ձևակերպվում է որպես պետության արտաքին պարտք, որի մարումը որոշվում է հատուկ միջկառավարական համաձայնագրով:
Կողմերը կառաջարկեն Հայաստանի Հանրապետության բանկին և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին կնքել հատուկ միջբանկային համաձայնագիր՝ սույն համաձայնագրից բխող դրամավարկային և վճարահաշվարկային հարաբերությունների վերաբերյալ:
Հոդված 4
Կողմերը պարտավորվում են օժանդակել միմյանց տնտեսավարող օբյեկտների փոխադարձ պարտավորությունների կարգավորմանը:
Հոդված 5
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի բացառիկ իրավունքը իրագործելու կանխիկ դրամի էմիսիան և կարգավորելու վարկային էմիսիայի ծավալը, Հայաստանի Հանրապետության բանկի համաձայնությամբ:
Կանխիկ դրամի էմիսիայի և վարկային էմիսիայի ծավալների կարգավորման մեխանիզմը կսահմանվի կողմերի կենտրոնական բանկերի կողմից հատուկ համաձայնագրով:
Կողմերը համաձայնվեցին միասնական դրամավարկային քաղաքականություն իրագործելու հարցում համակողմանի աջակցություն ցուցաբերել իրենց կենտրոնական բանկերին:
Հոդված 6
Կողմերն իրենց նպատակն են համարում ռուբլին ազատ փոխարկելի դարձնելը և պարտավորվում են փոխադարձաբար կոորդինացնել իրենց գործողությունները, իրականացնել անհրաժեշտ փոխգործողություն միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների հետ:
Հոդված 7
Կողմերը միմյանց տարածքներում կկիրառեն Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից սահմանված ռուբլու միասնական կուրս:
Արտասահմանյան վալյուտայի, այդ թվում և ռուբլու գոտուց դուրս եկած պետությունների դրամական միավորի, ինչպես նաև պայմանավորվող կողմերի հետ իրենց դրամավարկային քաղաքականությունը չհամաձայնեցրած պետությունների դրամական միավորների նկատմամբ ռուբլու միասնական կուրսի որոշման մեթոդիկան սահմանվում է Ռուսաստանի Դաշնության բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ:
Կողմերը պայմանավորվեցին ձեռնարկել կոորդինացված գործողություններ՝ ռուբլու կուրսի պահպանման նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում անցկացնել համատեղ վալյուտային ինտերվենցիա:
Հոդված 8
Փոխադարձ դրամավարկային քաղաքականությունը չհամաձայնեցրած ռուբլու գոտու մյուս պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձ-գործակալների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ոչ գործակալների մնացած կատեգորիայի համար նախատեսված բանկային հիմնարկություններում ռուբլով գործող հաշիվների բացումը և օգտագործումը վալյուտայով կարգավորվող նորմերը և կանոնները:
Հոդված 9
Կողմերը պատասխանատվություն են կրում ռուբլու կայունության պահպանման համար և այդ նպատակով անց են կացնում համաձայնեցված դրամավարկային վալյուտային քաղաքականություն:
Կողմերի կենտրոնական բանկերը կշարունակեն հետագա համագործակցությունը՝ ռուբլու գոտում ազգային (կենտրոնական) բանկերի Միջբանկային կոորդինացիոն խորհրդի շրջանակներում:
Հոդված 10
Կողմերը համաձայնեցին միմյանց տեղեկացնել այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերի պայմանների մասին, այն հարցերով, որոնք հանդիսանում են սույն համաձայնագրի առարկա:
Հոդված 11
Սույն համաձայնագիրը չի հետապնդում ռուբլու գոտու երրորդ պետությունների որևէ շահերի ոտնահարում:
Հոդված 12
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ միջպետական արարողությունների կատարման մասին կողմերի ծանուցագրերի փոխանակման օրվանից և կմնա ուժի մեջ մինչև 3 ամիսը լրանալը այն օրից, երբ կողմերից մեկը գրավոր ձևով կհաղորդի մյուս կողմին համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ իր դիտավորության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1992թ. սեպտեմբերի 30-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը ռուսերեն և հայերեն լեզուներով, ընդորում՝ երկու տեքստերն էլ ունեն միատեսակ ուժ:
Հայաստանի Հանրապետության կողմից՝ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյան
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ՌԴ վարչապետի պաշտոնակատար՝ Եգոր Գայդար