Հայաստանի Հանրապետություն, 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 198(543)
Հոկտեմբերի 6-ին Երևանում ստորագրվեց Ադրբեջանի տարածքում գտնվող իրանական 2700 վագոն բեռների տեղափոխման պայմանագիր: Դրանք կուտակվել են Ադրբեջանի կողմից երկաթուղու շրջափակման հետևանքով: Բեռները Իրանի Իսլամական Հանրապետություն կհասնեն Հայաստանի և Նախիջևանի վրայով, որոնց անարգել ընթացքը երաշխավորվում է եռակողմ պայմանավորվածությամբ:
Ադրբեջանը պայմանագիրը ստորագրել է բանակցությունների նախորդ փուլի ընթացքում, որը բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել Նախիջևանում: Հայաստանի մայրաքաղաքում այն իրենց ստորագրություններով հաստատեցին ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Հենրիկ Քոչինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և փոխադրումների փոխնախարար Սայիդ Նեժադին:
Պայմանագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գևորգ Ղազինյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանին, Հայաստանի և Իրանի տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Հենրիկ Քոչինյանը լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում Իրանի հետ և ամեն ինչով կնպաստի, որ այդ երկիրը ստանա իր բեռները: Նա ասաց, որ իրականության չի համապատասխանում մամուլում հաղորդված այն լուրը, թե իբր բանակցությունները ձախողվել են: Ընդհակառակը, ավելացրեց նա, դրանք ընթացել են նորմալ կերպով և հանգել տրամաբանական ավարտի: Բեռների փոխադրումը կսկսվի երկաթգծում վերականգնման և կարգավորման որոշ աշխատանքներ կատարելուց անմիջապես հետո:
Արմենպրես