«Հայաստանի Հանրապետություն», 8 հունվարի, 1992թ., չորեքշաբթի, թիվ 3 (348)
Համաձայն երեկ առավոտյան ժամը 11 անց 30 րոպեին Թբիլիսիից ստացված տեղեկությունների, Վրաստանի ղեկավարությունը մտադիր է Գերագույն խորհրդի պատվիրակություն ուղարկել Հայաստան` համատեղ քննարկելու Զվիադ Գամսախուրդիային Հայաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու հարցը:
Կեսօրից հետո ստացվել էր Վրաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության նախագահ Թ. Սիգուայի հունվարի 6-ի թվակիր պաշտոնական հաղորդումն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը երաշխավորում է Զվիադ Գամսախուրդիային ուղեկցող անձանց լիակատար պահպանությունն ու անձեռնմխելիությունը հանրապետություն վերադարձի դեպքում: Ինչ վերաբերում է Գամսախուրդիային և նրա ընտանիքի անդամներին, Վրաստանի ղեկավարությունը դեմ չէ նրանց` Հայաստանի տարածքում գտնվելուն, մինչև հարցի վերջնական կարգավորումը: Երեկոյան Վրաստանի Գերագույն խորհրդի պատվիրակությունը ժամանեց Իջևանի շրջան: