November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Հայաստանի տնտեսությունը և ժողովուրդը անորոշ կացության մեջ են

Հայաստանի տնտեսությունը և ժողովուրդը անորոշ կացության մեջ են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)

Հունիսի 3-ին, ելույթ ունենալով խորհրդարանի առջեւ, ՀՀ փոխնախագահ, վարչապետ Գ. Հարությունյանը անդրադարձավ գների եւ սակագների փոփոխման վերաբերյալ նախագահի հրամանագրերին, Հայաստանի տնտեսական ծանր կացությանը եւ կառավարության կատարած   աշխատանքին:

Վարչապետն ընդգծեց, որ մայիս ամսին արդեն փոքր-ինչ կայունացել էր տնտեսական իրավիճակը, սակայն, գազամուղի փակումը կրկին ստիպեց դադարեցնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Նա հիշեցրեց նաեւ, որ երկաթուղու ընդհատումներով եւ անկանոն աշխատանքը խոչընդոտում է տնտեսության կայունացմանն ուղղված ձեռնարկումներին:

Վարչապետը պատգամավորներին տեղեկացրեց, որ վերջին ամիսներին հաջողվել Է 2 մլրդ 224 մլն ռուբլու արտադրանք առաքել Հայաստանից դուրս, սակայն իրավիճակը չի  բարելավվել։   Անդրադառնալով Հայաստանի ուժանյութային ճգնաժամին՝ նշեց, որ հանրապետությունը 720 մլն ռուբլի Է պարտք Ռուսաստանի նավթամթերք առաքող կազմակերպություններին։ Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրեց դրամաշրջանառության ոլորտում առկա դժվարությունների վրա, տեղեկացնելով, որ վերջերս շրջանառության մեջ է մտցվել լրացուցիչ 1,5 մլրդ ռուբլի։

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաեւ կառավարության, գործադիր իշխանությունների աշխատանքներին, շեշտելով այդ համակարգերի կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Աշխատավարձերի, նպաստների եւ կենսաթոշակների վճարման ուշացումները եւ հապաղումները նա վերագրեց բանկային համակարգի անկարգապահ աշխատանքին։

Վարչապետը խոսեց նաեւ բնակչության ընկերային պաշտպանվածության, գործազրկության եւ այլ խնդիրների մասին։

Ելույթի ավարտին վարչապետը շեշտեց, որ տնտեսության կայունացմանը խանգարում է այն, որ հանրապետությունը արտաքին աշխարհի հետ կապվելու միայն մեկ իրական ճանապարհ ունի՝ Վրաստանի վրայով, ինչը անորոշության է մատնում թե կազմվող ծրագրերը, թե տնտեսության աշխատանքին ընդհանրապես։

Տեղի ունեցած հարց ու պատասխանի եւ ելույթների ժամանակ, պատգամավորների մեծ մասը քննադատության ենթարկեց կառավարությանը՝ ստեղծված ծանր տնտեսական կացության, գների ահռելի աճի եւ բնակչության եկամուտների նվազման համար։ Ընդգծվեց, որ տնտեսական գործընթացները հանրապետությունում անկառավարելի են եւ կառավարման ներկա համակարգը անկարող Է իրականացնել տնտեսական բարեփոխումները։

Այս հարցի վերաբերյալ քննարկումները առաջիկայում պետք է շարունակվեն, մանավանդ որ շուտով կառավարությունը պետք է ներկայացնի նաեւ 1992 թվականի երկրորդ կիսամյակի բյուջեն։ Հայաստանի ընկերային-տնտեսական իրավիճակի բնութագիրը ամբողջական դարձնելու համար ավելացնենք, որ վարչապետը էլեկտրականության անջատման պատճառով երեկ ստիպված Էր ելույթ ունենալ երկու անգամ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives