«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Մայիսի 20-ին Թբիլիսիում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են ստեղծվող ազգային բանակների ապահովման գործում՝ անդրկովկասյան հանրապետությունների համագործակցության հարցերը։ Խորհրդակցությունը կազմակերպվել էր Անդրկովկասյան զինվորական տարածքի հրամանատարության նախաձեռնությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Թ. Սիգուան եւ նրա առաջին տեղակալ Թ. Կիտովանին, Հայաստանի փոխվարչապետ Վ. Չիթեչյանը, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ–լեյտենանտ Վ. Բարշատլին, ինչպես նաև երեք հանրապետությունների պաշտպանության և իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Կողմերը համակարծիք էին, որ ազգային բանակների ստեղծման գործընթացը պետք է ընթանա համաձայնեցված, կազմակերպված և քաղաքակիրթ ձևով, առանց Անդրկովկասյան զինվորական տարածքի շահերի ոտնահարման:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ–մայոր Մ. Աբրահամյանը խորհրդակցությունում հայտարարել է, որ իր հանրապետությունը պատրաստ է քննարկել քաղաքացիական ձեռնարկություններում սպառազինության օպտիկական եւ էլեկտրոնային միջոցները նորոգելու հնարավորությունը։