«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189)
Մայիսի լույս 27-ի գիշերը Ադրբեջանի տարածքում տեղակայված «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են Հայաստանի Տավուշի շրջանի Մովսես, Վերին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը։ Կան ավերածություններ եւ վիրավորներ։ Վիրավորվել է տասնամյա մի աղջնակ, որի վիճակը ծանր է։
Նախիջեւանի հետ Հայաստանի սահմաններում հարաբերական անդորր է, թեեւ զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները շարունակում են ստահոդ լուրեր տարածել ինքնավար հանրապետության գյուղերի վրա հայկական կողմի հարձակումների վերաբերյալ։
Արդեն Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանային գոտի են այցելել չեզոք դիտորդների մի քանի խմբեր՝ ներառյալ Հայաստանում ամերիկյան դեսպանության եւ ֆրանսիական ներկայացուցչության աշխատակիցներ, որոնք համոզվել են, որ Հայաստանի կողմից Նախիջևանի նկատմամբ «ագրեսիայի» ոչ մի ակտ չկա: Սակայն անհասկանալի է զանգվածային լրատվության միջոցների դիրքորոշումը, որոնք շարունակում են ուռճացնել չեղած հարձակումների եւ գնդակոծությունների թեման։