«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի
Եթե վառելանյութ լինի, ապա կարելի է եռակի ավելացնել քաղաքային տրանսպորտում ընդգրկված ավտոբուսների թիվը։ Իրականում երեք հարյուր ավտոբուս երթուղի դուրս չի գալիս հենց այդ պատճառով։ Այս տվյալները հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում բերեց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Հենրիկ Քոչինյանը։ Նա քաղաքային տրանսպորտը բնորոշեց որպես շատ ցավոտ բնագավառ, որի աշխատանքը բավական լարված է էներգակիրների խիստ սակավության պատճառով։
Չնայած լարվածությունը մեղմելու նպատակով շարժակազմի մի մասը փոխադրվել Է գազային լիցքավորման, ավելացվել Է էլեկտրատրանսպորտի բաժինը, բայցեւայնպես, վիճակի էական բարելավում չի նկատվում։
Նախարարն ասաց, որ խիստ ընկած է էլեկտրամատակարարման որակը հատկապես երեկոյան ժամերին, որի հետեւանքով մայրաքաղաքի մետրոպոլիտենը հնարավոր չէ աշխատեցնել մինչեւ, ասենք, ժամը 23-ը։ Մետրոյի էլեկտրասնուցումը իրականացվում է ցածր հաճախականությամբ, որի պայմաններում շահագործումն անհնարին է դառնում։ Վատ է իրականացվում էներգախնայողությունը։ Այդ պայմաններում նախարարությունը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը։ Ձեռք են բերվում հոսանքի ցածր հաճախականության ժամանակ ևս գնացքների երթեւեկությունը ապահովող սարքավորումներ: Միջոցներ են ձեռնարկվում շարժակազմերը մեծացնելու ուղղությամբ, առաջիկայում գնացքները կերթեւեկեն չորս վագոններով։
Վառելանյութի պակասը ստիպել է ավելի ու ավելի կողմնորոշվել դեպի էլեկտրատրանսպորտը։ Ներկայումս, ըստ նախարարի, տրանսպորտի այդ տեսակի աշխատանքը կարելի է բավարար համարել, բայց, ցավոք, մյուս որոշ տեսակներինը, փաստորեն, կազմալուծված է։ Ձեռք են բերվել եւ տեղափոխման ընթացքում են տրոլեյբուսներ, իրականացվում է դրանց գծերի առանձին էլեկտրասնուցման ծրագիր։ Նախարարը չթաքցրեց այն իրողությունը, որ հաճախ, երբեմն միտումնավոր կերպով, խափանում են տրոլեյբուսների երթեւեկությունը։ Փողոցներով բարձր մեքենաների տեղափոխման նպատակով կտրում են կոնտակտային լարերը, վնաս հասցնում գծերին, որը եւ կանգառներում ուղեւորների կուտակման պատճառ է դառնում։ Հաջողվել է հայտնաբերել նման արարքներ կատարողներից ոմանց, բայց երեւույթը շարունակվում է։ Հաճախ զանազան միջոցներով ահաբեկում են ավտոբուսների վարորդներին, նրանցից պահանջում դրամ, օրվա կեսին դադարեցնել աշխատանքը եւ այլն։ Նախարարը չժխտեց, որ վարորդական անձնակազմի աշխատանքում ևս ոչ ամեն ինչ է կարգին։ Շեղումները, խախտումները դեռեւս վերացված չեն։
Հատուկ շեշտադրում ստացավ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տրանսպորտային սպասարկման դրվածքը։ Վառելանյութի թանկությունը փոխհատուցվում Է բարձր փոխադրավարձով։ Տրանսպորտային կապը շատ թույլ է գյուղական վայրերի հետ։ Նախարարությունը զբաղվում է վառելանյութի ներմուծման հարցով, սակայն եկածը քիչ է, այդ քչից էլ որոշ կուտակումներ են արվում «նեղ օրվա» համար։
Ծանոթացնելով իր ղեկավարած բնագավառի կառուցվածքին, նախարարը նշեց, որ վերջերս այն ներառել է երկաթուղային տրանսպորտը, իսկ մինչեւ տերեվերջ, ամենայն հավանականությամբ, կընդգրկի նաեւ ավիացիան։ Նա այնուհետեւ կանգ առավ ավտոճանապարհների շինարարության, դրանց ցանցի վերակառուցման ընթացքի եւ զարգացման հարցերի վրա։ Նշվեց Զանգեզուրի, հանրապետության այլ շրջանների ճանապարհների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագիրը, որը պետք է ապահովի ոչ միայն սահմանամերձ գոտու սպասարկումը, այլեւ ծառայի տարանցիկ փոխադրումների նպատակներին, որոնցով շահագրգռված են նաեւ Հայաստանի հարեւան եւ հեռավոր երկրները։
Նախարարության գործունեության մի կարեւոր բաժինն են կազմում արտաքին կապերը, որոնց առնչությամբ նշվեց ֆրանսիական տրանսպորտային նախարարության կողմից ցույց տրվող տեխնիկական օգնությունը։
Մի քանի օր առաջ Հ. Քոչինյանը Կիեւում մասնակցել է ԱՊՀ երկրների տրանսպորտային ոլորտների ղեկավարների հանդիպմանը, որտեղ շոշափվել են շրջափակման պայմաններում հաղորդակցության ընդհանուր քաղաքականություն մշակելու, բեռների փոխադրման եւ վարորդների անվտանգությունն ապահովելու հարցերը։ Ենթադրվում է, որ այդ հարցերը կդրվեն ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ։
Սարգիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ