Այս անմոռանալի գիշերը
«Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264)
Սեպտեմբերի 21-ի նախօրեին հայ ազգի մեծ նվիրյալ Լորիս Ճգնավորյանը մի նոր հաճելի անակնկալ է մատուցում իր ժողովրդին։ Սեպտեմբերի 19, ժամը 23.00։ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահը լեփ-լեցուն է հազարավոր մարդկանցով։ Սկսվում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուժերով և Լորիս Ճգնավորյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված գիշերային հեռուստամարաթոնը, որը նվիրվում է Հայաստանի անկախության հանրաքվեին։ Դահլիճը դղրդում է բուռն ու երկարատև ծափահարություններից, օվացիաներից, խոսափողի մոտ է տաղանդավոր արվեստագետն ու մարդը՝ Լորիս Ճգնավորյանը՝ Եռագույնը ձեռքին։ Ոգևորված է մաեստրոն։ Ոգևորված է ժողովուրդը։ Ճգնավորյանն իր սրտառուչ խոսքն է ուղղում ժողովրդին. ԱՅՈ։ Այսօր «ԱՅՈ»–ի օր է, այսօր, վաղը արթուն եղեք, ժողովուրդ։ Մենք պետք է «ԱՅՈ» ասենք՝ իրագործելու համար ազատ և անկախ Հայաստան ունենալու մեր ժողովրդի դարավոր իղձն ու ցանկությունը։
Եվ փոթորկվում է դահլիճը «ԱՅՈ»–ների տարափից ու հեղեղից։ Հնչում է «Մեր հայրենիքը»։ Ժողովուրդը հոտնկայս, բռունցքները վեր, վեհ ու հպարտ հայացքով երգում է այն, «Հայր մերը» մրմնջում։ Տոնախմբությունն ավելի է աշխուժանում ծափահարություններով ուղեկցվող «Զեյթունցիներ», «Զարթիր լաո», «Դրոշ հայրենյաց» և այլ ժողովրդական ստեղծագործությունների կատարումների ժամանակ։ Հայաստանի տարբեր շրջաններից հեռախոսազանգերով, հեռագրերով Հայոց անկախությանը իրենց «ԱՅՈ»–ն են ընծայում հարյուր հազարավոր հայեր։ Երաժշտական համարները հաճախ ընդմիջվում են ճանաչված ասմունքողներ Ժենյա Ավետիսյանի, Վլադիմիր Աբաջյանի ելույթներով։ Նրանք կարդում են հայ մեծ բանաստեղծների հայրենասիրական ու ազատասիրական բանաստեղծությունները։
Միջոցառման անմոռանալի պահերից է դառնում ժամը 2-ն անց 12 րոպեն։ Բեմահարթակում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ոգևորություն ու հրճվանք է ապրում ժողովուրդը նրան ողջունելիս։
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ուրախությունն է կիսում ժողովրդի հետ, ասելով.
– Սիրելի հայրենակիցներ, ես տանը հեռուստատեսությամբ դիտում էի ձեր ուրախությունը։ Ես չէի կարող անմասն մնալ այդ ուրախությունից։ Դրա համար ուզեցի լինել ձեզ հետ (դահլիճը փոթորկվում է՝ Լևոն, Լևոն)։ Զարմանալի ժողովուրդ ենք, սովորաբար տոնում են հաղթանակից հետո։ Իսկ մենք հաղթանակից առաջ ահա՝ այսպիսի տոնախմբություն ենք կազմակերպել, որ ցուցադրվում է ամբողջ հանրապետությունում և կարելի է ասել, որ ամբողջ հանրապետությունն է մասնակցում այս հանդիսությանը։ Դա ի՞նչ է նշանակում, որ եթե մենք այսօր ենք տոնում, ուրեմն ոչ ոք չի կասկածում հաղթանակին։
Անկախության հանրաքվեին նվիրված գիշերային հեռուստամարաթոնը շարունակվում է։ Խորհրդանշական է նաև գիշերային հեռուստամարաթոնի ավարտը։ Լորիս Ճգնավորյանի ձեռքերում մի մեծ հաց կա, վրան «ԱՅՈ»։ Այո, անկախությունը նաև մեր հացն է, մեր գոյության հուսալի ապավենն ու երաշխիքը։