Լոնդոն, 7 հունվարի, 1920թ.
Գնդապետ Գրիբենն արտաքին գործոց նախարարության զինվորական կարևոր խորհրդականն է։ Նրան են ենթարկվում Արևելքի քաղաքական կազմակերպությունների գործերը։ Սա իմ երկրորդ տեսակցությունն է նրա հետ։
Երկու օր առաջ տեղի ունեցած առաջին զրույցի նյութն էր մեր զորքի վերակազմությունը, որ նա էլ գտնում է անհետաձգելի և անհրաժեշտ, խոստանալով լիակատար աջակցություն։
Այս երկրորդ տեսակցությունը առաջինի շարունակությունն էր։ Գնդապետի կարծիքով Մուստաֆա Քեմալը 15000-ից շատ ավելի պակաս զորք ունի։ Գլխավորը մեր բանակի վերակազմությունն է, որի մասին նա պատրաստում է զեկույց արտաքին և զինվորական նախարարությունների համար։ Այս առթիվ կուզեր ունենալ լրիվ տեղեկություններ։
Հարց — Այս պայմանների մեջ Մուտաֆա Քեմալը կարո՞ղ է անցնել Հայաստան։
Պատասխան — Հավանորեն՝ ոչ։ Մեր լեռները, մեր դժվարին ճամփաները ձմռան զինվորական շարժումները դարձնում են համարյա անհնարին։
Գնդ. Գրիբեն — Այդ լավ է. Հետևապես մենք մեր առջև ունինք 3 ամիս՝ հայկական զորքի վերակազմության համար։ Կարո՞ղ եք ասել, թե որքան զորք կարելի է ոտի հանել։
Ես — Եթե լայն օգնություն լինի, կարծում եմ՝ 40 հազար։
Գրիբեն — Կարո՞ղ եք կերակրել այդ զորքերը, որովհետև մենք կուզենք զբաղվել զինվորական ու հագուստների հարցերով։
Ես — Եթե Ամերիկան այսպես շարունակի իր օժանդակությունը, հույս ունեմ, որ կկարողանանք։
Գրիբեն — Կարո՞ղ եք ասել, թե որքան ժամանակ կարող եք ձեր զորքը զենքի տակ պահել։ Ես ստուգապես գիտեմ, որ հույն զինվորները խստորեն տրտնջում են այս հարատևող կռիվներից։
Ես — Հույների և մեր քաղաքական կացության մեջ մեծ տարբերություն կա։ Նրանք ճգնում են ձեռք բերել, մեծացնել արդեն գոյություն ունեցող իրենց պետությունը, մինչդեռ մեր ժողովուրդը աշխատում է ազատվել թրքական լծից և պահպանել իր գոյությունը։ Հոգեբանական այս դրությունը ընդունակ է մեր զորքերին մղել թուրքերի դեպ պայքարի, մինչև իսպառ ազատվենք թուրքական վտանգից…
Գրիբեն — Իրավ է, այս հասկանում եմ։ Որքան շոգեմեքենա և վագոններ ունեք։
Ես — Մեր ունեցածները քիչ են։ Երկաթուղային գծերը մեծ մասով մնացին Վրաստանին և Ադրբեջանին։ Դուք կարող եք նրանցից առնել մեր բաժինը։
Գրիբենը տվեց մի քանի այսպիսի գործնական այլ հարցեր, որոնց ես պատասխանեցի և նրան տվի զինվորական դրության մասին մի աշխատություն, որ պատրաստել էր գեներալ Ղորղանյանը։
(Ավետիս Ահարոնյան, Սարդարապատից մինև Սևր և Լոզան. Քաղաքական օրագիր, Բոստոն, 1943թ.)