Սյունիք, 25 մարտի, 1920թ., թիվ 11
Պաշտպանողական և հարձակողական զինվորական պայմանադրություն՝ կնքված Օսմանյան կայսերական կառավարության և Ադրբեջանի հանրապետության միջև 1335 (1919) հոկտեմբերի 29-ին, մեկ կողմը ներկայացված Օսմանյան լիազոր ներկայացուցիչ ընդհանուր սպայակույտից զորավար Ջեմալ փաշայով, մյուս կողմը՝ Ադրբեջանի լիազոր Մ. Քերիմովի անձնավորությամբ:
Հոդ. 1 — Իսլամական խալիֆայության ներկայացուցիչ օսմանյան կառավարության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը ձգտում է ձեռք բերելու իր անկախությունը, սկզբունքով ընդունված է, որ որևէ հարձակման կամ վտանգի պարագային, որ կարող է առաջ գալ Ադրբեջանի բնական սահմանների պահպանությունից, օսմանյան կառավարությունը ընձեռներ իր զինվորական օժանդակությունը և երկու իսլամական երկրները փոխադարձաբար իրար օժանդակեն համաձայն Ա. հավելվածին:
Հոդ. 2 — Ներկա պայմանագիրը երկու պայմանադրվող կողմերի համար էլ ի զորու է մեկ տարով…
Հոդ. 3 — Որքան կարելի է խուսափելու համար թյուրիմացություններից, երկու իսլամ կառավարությանց միջև կնքված այս դաշնագրի մեկնաբանության առթիվ, հետևյալ որոշումները (ստիպուլյացիա) արված են զինվորական օժանդակության խնդրի մասին:
Ա. Երբ դաշնադիր կողմերից մեկը իրապես հարձակման կենթարկվի կամ կգտնվի ստույգ վտանգի տակ, այն ժամանակ զինվորական փոխադարձ օժանդակությունը կստացվի:
Բ. Փոխադարձ օժանդակությունը պետք է կատարվի հետևյալ սկզբունքով.
1. Երբ պայմանագրվող որևէ մեկ կողմի երկիրը վտանգվի այս երկրների դրացի կառավարություններից:
2. Երբ որևէ պետություն — որն էլ որ լինի — պիտի ուզե պայմանագրվող երկրներից մեկին ենթարկել իր քաղաքական, վարչական կամ դինանսական վերահսկողության (պրոտեկտորատ) և կամ երբ կապացուցվի, որ որևէ դաշնակցություն կնքված պայմանագրվող երկրներից մեկի դեմ:
Երբ պայմանագրվող երկու կողմերը գտնվում են ստույգ վտանգի առջև, համապատասխան երկու սպայակույտները կմշակեն համախորհուրդ, զինվորական գործողությանց հատակագիծ՝ ձեռք առնելով զինվորական անհրաժեշտ միջոցներն ու պատրաստությունները:
3. Երկու պայմանագիր կողմերի միջև վարվելիք քաղաքականությունը ճշտված և ընդունված լինելով Ա հավելվածով՝ Ադրբեջանի Հանրապետության և օսմանյան կառավարության համապատասխան սահմանները պիտի ճշտվեն հաշտության կնքումից հետո, որը օսմանյան կառավարությունը պիտի ընդունե և ստորագրե:
4. Այն պարագային, երբ Ադրբեջանի հանրապետության անկախությունը, Աստված մի արասցե, ձեռք չբերվի, և օսմանյան կայսրության ամբողջականությունն ու անկախությունը կորչելու վտանգի առջև գտնվի, երկու պայմանագրվող կողմերը չպիտի ստորագրեն հաշտությունը և վար չպիտի դնեն զենքերը, առանց նախապես ստանալու փոխադարձ հավանությունն ու համաձայնությունը:
5. Պայմանագրվող կողմերը հանձն կանեն չհրապարակելու ներկա զինվորական պայմանագրի բովանդակությունը մինչև վեց ամիս հետո:
6. Եթե ներկա դաշնագրի ավարտումից առաջ երկու դաշնակից կողմերի համապատասխան սահմանները որոշվեն, չորրորդ հոդվածի տրամադրությունները պիտի գործադրվեն:
7. Եթե երկու պայմանագրվող կողմերի սահմանները գծվեն, ներկա դաշնադրության ավարտից առաջ, Ա. և Բ. հավելվածները պիտի ջնջվեն դաշնագրի ավարտումից երեք ամիս հետո: Բայց այն պարագային, երբ երկու դաշնակից կողմերը տրամադիր լինեն կնքելու նոր դաշինք: Ա. և Բ. հավելվածների հիմքերը և տրամադրությունները նկատի պիտի առնվեն որոշ փոփոխություններով:
8. Օսմանյան կայսրությունը հանձն է առնում իրագործելու Ադրբեջանի հանրապետության բանակի կազմակերպումը և ըստ պայմանադիր երկու երկրների համապատասխան սպայակույտերի գնահատության կիրագործե առաքումը սպաների և զինվորական մարզիչների Ադրբեջանի բանակի համար: Խաղաղության կնքումից հետո օսմանյան կառավարությունը կընդունի իր բանակի մեջ մուտքը ադրբեջանյան ստորադաս սպաների, կատարելագործելու համար իրենց զինվորական ուսումը:
9. Քանի որ Օսմանյան կառավարությունը չի կարող ճշտել իր զինվորական աղբյուրները հաշտության կնքումից առաջ, հաշտության կնքումից հետո նա հանձն կառնի տալու իր զինվորական օժանդակությունը Ադրբեջանի հանրապետության, ուղարկելով նրան հրացան, թնդանոթ, սավառնակ և ռազմամթերք:
10. Ադրբեջանի հանրապետության կառավարությունը հանձն է առնում անվերապահորեն չկայացնելու ոչ մեկ զինվորական դաշինք կամ պայմանագրություն դրացի երկրների որևէ մեկի հետ, առանց հաղորդելու օսմանյան կառավարության և ստանալու նրա հավանությունը:
11. Այն դեպքում, երբ դաշնակից երկրու կողմերը տեսակետներով տարբերությամբ կամ թյուր մեկնաբանությամբ, որ կարող է ծագել Բ. հավելվածի գործադրությունից, վեճ առաջ բերեն, մի հանձնախումբ՝ կազմված երկու երկրների համապատասխան սպայակույտերի երկուական սպաներից՝ պիտի նշանակվի հարթելու համար այդ վեճը: Այն դեպքում, երբ հանձնախմբին չի հաջողվում լուծելու վեճը, համապատասխան երկու կառավարությունները պիտի ընտրեն բարձրաստիճան երկու սպաներ իրենց ընդհանուր սպայակույտերից, որոնք պետք է ծառայեն իբրև արբիտրներ:
12. Բ. հավելվածը, որ կցված է Ա. արձանագրության, ստորագրված է այսօր պատերազմական նախարարության սպայակույտի բաժանմունքի մեջ համապատասխան լիազորների կողմից և դաշնագրերի փոխանակությունը տեղի է ունեցել Բելա Պալաս պանդոկիմեջ:
29 հոկտ., 1335 (1919)
Օսմանյան լիազոր և ընդհ. Սպայակույտի պետ Ջեմալ Ադրբեջանի հանրապետության լիազոր՝ Մ. Քերիմով