«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
Կրկին նվազել են Վրաստանով Հայաստան մուտք գործող բնական գազի ծավալները։ Նախորդ օրվա 5,8 մլն խոր. մետրի փոխարեն հանվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունն ստացել է ընդամենը 5,1 մլն խոր. մ գազ։ Եւ դա այն դեպքում, երբ Ուզբեկստանը վերաբացել է Թուրքմենստանից Ռուսաստանով Անդրկովկաս եկող գազատարը, իսկ Հայաստանի հասցեով Ստավրոպոլում կուտակված մազութի փոխարեն Ռուսաստանն իր հերթին է գազ մատակարարում։
Սակայն, այս էլ որերորդ անգամ, հակառակ երկու երկրների վարչապետների համաձայնության, Հայաստանի բաժին գազի ծավալներն ապօրինաբար օգտագործվում են Վրաստանի կողմից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության վարչապետներ Խոսրով Հարությունյանն ու Թենգիզ Սիգուան համաձայնության են եկել, որ 28 մլն խոր. մ գազ Վրաստան մուտք գործելու դեպքում Վրաստանը պետք է ստանա 16, իսկ Հայաստանը՝ 12 մլն խոր. մ, եւ 28 մլն խոր. մետրից պակաս մուտքի դեպքում պակասը կբաժանվի հավասարապես։ Այդուհանդերձ, համաձայնագրին հաջորդած գրեթե մեկ ամսվա ընթացքում նույնիսկ այն օրերին, երբ Վրաստան մուտք էր գործում 30 մլն խոր. մ գազ, Հայաստանը երբեւէ լրիվ չի ստացել իրեն հասանելիք 12 մլն խոր. մետր գազի օրաբաժինը։