«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Քաղաքացիական համաձայնության Սահմանադրական խորհրդի հրավերով, երեկ մայրաքաղաքի կինոյի տան մեծ դահլիճում սկսվեցին սահմանադրական խորհրդակցություններ։ Այսօր եւ վաղը կշարունակվեն քննարկումները 6 կուսակցությունների կողմից համատեղ առաջադրված Սահմանադրության տարբերակի շուրջ։
Քննարկումներին հրավիրված են եւ առաջին լիագումար նիստին մասնակցում էին հանրապետության իշխանությունների, հասարակական–քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողներ։
Նման խորհրդակցության նպատակը, ինչպես նշեցին նախաձեռնության հեղինակները, կատարված մեծ աշխատանքի մասին ժողովրդին հաշվետու լինելը եւ նրա դիտողությունները, խորհուրդը լսելն է, ինչպես նաեւ Քաղաքացիական համաձայնության շրջանակներն ընդլայնելը։
Ձեռքի տակ ունենալով մի շարք նախագծեր՝ Սահմանադրական խորհուրդը չի գնացել մեխանիկական զիջումների ճանապարհով։ Ներկայացված նախագիծը, ինչպես նկատեց ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը, ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Սահմանադրության կարեւորությունը, նրա անկյունաքարային նշանակությունը պետության վերջնական կազմավորման գործում, ՀՀ Հռչակագրին հավատարմությունը այն դրդապատճառներն են, որոնք համախմբել են 6 կուսակցություններին։
Առաջին լիագումար նիստում ելույթ ունեցած ՀՅԴ, ՀՌԱԿ, Դեմոկրատական, Ագրարային, Հանրապետական, ՍԻՄ կուսակցությունների ներկայացուցիչները կանգ առան Սահմանադրության այս տարբերակի հիմնադրույթների վրա՝ ընդգծելով սկզբունքային այն տարբերությունները, որոնք առկա են ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի եւ Քաղաքացիական համաձայնության նախագծերի միջեւ։ Մասնավորաբար շեշտվեց մոտեցումների տարբերությունը Հայաստանում կառավարման համակարգի, Հայ Դատի, քաղաքացիության խնդիրների նկատմամբ։