«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)
Ներկայամս սեփականաշնորհման հարցերը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին Խ.Միության բոլոր հանրապետություններում խիստ կարևորվում են, քանզի դրա իրականացումը առանցքային նշանակություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Եվ խնդիրը միայն գաղափարներ տալը չէ։ Ավելի բարդ է իրականացման ճիշտ ճանապարհների ուրվագծումը, որ հնարավորություն կտա ավելի քիչ կորուստներով հասնել բուն նպատակին։ Իսկ դա սովորական մահկանացուի խնդիր չէ։ Իհարկե, մեր սիրելի իշխանավորները կարող են այնքան էլ չհամակերպվել սովորական մահկանացուի կարգավիճակին, քանի որ իրենք են այսօրվա դրությամբ հայ ժողովրդի պատմության կերտողները՝ որպես հանրապետության թիվ 1 նախագահ, թիվ 1 տնտեսագետ, թիվ 1 քաղաքագետ, թիվ 1 գաղափարախոս եւ թիվ 1 փրկիչ։ Բայց իրողությո՜ւնը…
Մինչ լայնամասշտաբ սեփականաշնորհումը անհրաժեշտ է միջոցառումների մի ամբողջ համակարգ, որոնք գտնվում են կուռ տրամաբանական փոխկապվածության մեջ։ Դրանցից առանցքայինը, բնականաբար, ազգային ծրագրի ստեղծումն է։ Դժվար է հավատալ, որ քաղաքակիրթ երկրների համաստեղությանը անդամակցել ձգտող Հայաստանի Հանրապետությունը այդ ուղղությամբ դեռեւս ոչ մի քայլ չի կատարել։ Այնինչ ազգային ծրագրի առկայությամբ է միայն հնարավոր հստակեցնել հայ ժողովրդի անցնելիք ուղին։ Ազգային ծրագրի ամբողջությունից պիտի բխեն ենթակառուցվածքի մոդելները։ Որպես այդպիսի մի ենթակառուցվածք է ենթադրվում տնտեսական ծրագիրը։ Եվ Հայաստանի տնտեսական զարգացման լավագույն տարբերակի ընտրությունը առանց ազգային ծրագրի անհնար է։ Սեփականաշնորհման ձեւերն ու մեթոդներն էլ, որպես տնտեսական ծրագրի կարեւորագույն առանցք, բազմաշերտ հարաբերություն են, որոնք ամրագրվում են համապատասխան օրենսդրական ակտերի միջոցով։ Այսինքն՝ մյուս կարեւոր պայմանը իրավական պետության ստեղծումն է։
Մեր իրականության մեջ չիրագործվեց դրանցից եւ ոչ մեկը։ Ի՞նչն է պատճառը։ Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների եւ ներկայացված օրենքների նախագծերին՝ գալիս ես այն եզրակացության, որ այսօր առկա են վտանգավոր միտումներ, որոնք հետագայում իրենց խիստ բացասական հետեւանքներն են ունենալու մեր ազգի սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակի վրա։ Այդպիսի վտանգ է ներկայացնում նաեւ պայմանականորեն ասած հրանտբագրատյանական սեփականաշնորհման կոնցեպցիան։ Փորձենք հիմնավորել, որ սեփականաշնորհման այդ տարբերակը համատարած անօրինականության եւ անպատժելիության մթնոլորտում ծառայում է մի խումբ մարդկանց շահերին, ասել կուզե՝ տնտեսական մաֆիային։
Այդ չարաբաստիկ գործընթացը բաժանվում է տրամաբանորեն իրար հաջորդող եւ նույն նպատակին ծառայող փուլերի։ Առաջին փուլը Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Սեփականության մասին» օրենքի, «Սեփականաշնորհման հիմնադրույթների» եւ կառավարության կողմից ընդունված որոշումների հիման վրա իրականացվող սեփականաշնորհումն է։ Հակասություններով լի այս օրենսդրական ակտերը իրական կյանքում ստեղծել են այնպիսի քաոսային իրավիճակ, որը բարձրագույն աստիճանի է հասցրել կամայականությանը։
Մեր ձեռքի տակ են բազմաթիվ փաստեր, թե ինչպես է կատարվել առեւտրական օբյեկտների վարձակալումը Երեւան քաղաքում։ Ընդհանուր առմամբ կառավարության որոշումներով տեղի է ունենում արտադրական օբյեկտների մի մասի դե ֆակտո սեփականաշնորհում։ Եվ դա հիմնականում իրականացվում է օրենքների խախտումներով։ Այս ճանապարհով հասարակության մի շերտ աստիճանաբար հարստանում է եւ պատրաստվում սեփականաշնորհման հաջորդ փուլերին։ Մի բան պարզ է. տեղի է ունենում հասարակության կտրուկ շերտավորում, եւ ոչ թե օրինաչափ, ազատ մրցակցության պայմաններում (չնայած պետությունը իր տնտեսական լծակների միջոցով պարտավոր է մեղմացնել այն), դարերով ստեղծված ազգային հարստությունն աննկատ անցնում է մի խումբ մարդկանց ձեռքը։ Իհարկե, դա պատահականորեն չի կատարվում։ Այդ ճանապարհով այսօրվա իշխող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, ստեղծում է իր սոցիալական բազան… Իրավական պետության բացակայության պայմաններում ստեղծվող այդ ցանցը կարող է հետագայում խեղդել ամբողջ համակարգը։ Եվ անխուսափելի կլինի սոցիալական պայթյունը՝ կործանարար ցնցումներով։
Հանրապետությունում իշխում է ջունգլիների օրենքը։ Ներկայումս սեփականաշնորհված է շուրջ 300 տեսակի տարբեր բնույթի փոքր օբյեկտ։ Բայց ո՞ւմ ձեռքն է անցել «բոլորինս» համարվող սեփականությունը։ Անհայտ է մնում, թե միլիոններ արժեցող օբյեկտները ինչպես են գնվում «աշխատավորի» կամ «աշխատանքային կոլեկտիվի» կողմից, որոնց աշխատավարձը մինչեւ սեփականաշնորհումը շատ ցածր էր։ Սեփականաշնորհման երկրորդ փուլը կսկսվի Գերագույն խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» օոենքի նախագծի ընդունամով։
Օրենքի կիրարկումը եւս տնտեսական մաֆիայի ձեռքին դառնալու Է հզոր զենք։ Փաստորեն, Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքը գործելու Է ընդդեմ ժողովրդի։ Հիմնավորելու համար վերլուծենք հիշյալ օրենքի հոդվածների բովանդակությունը։ Այն ներառում Է մի շարք միջոցառումների համակարգ, որոնց իրականացումը էլ ավելի է ընդլայնելու տնտեսական մաֆիայի գործունեության շրջանակները։ Օրենքի նախագծի հոդված 11-ում ներկայացված են այնպիսի պահանջներ (մասնավորապես՝ «սերտեֆիկատի անվանական արժեքը չի վճարվում» եւ նրանց «գործունեության ժամկետը չպետք է գերազանցի մեկ տարուց»), որ անընդհատ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում բնակչության ճնշող մասը իր առօրյա «հացի խնդիրը» լուծելու նպատակով ստիպված կլինի սերտիֆիկատները ցածր գներով վաճառել «տնտեսապես հզորներին», որովհետեւ «մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում»։ Եվ թվացյալ է դրան հակազդելու կոչված մյուս պարբերության զորությունը, ըստ որի՝ «Սեփականաշնորհման համար ցանկացած վճարման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարման մասի արժեքը չի կարող գերազանցել այդ վճարման 30 տոկոսը»։ Բանն այն Է, որ մյուս մասի արժեքն Էլ այդ նույն մաֆիան կարող Է վճարել՝ օգտագործելով սեփականաշնորհման մյուս ձեւերը։ Այնպես որ, ըստ էության ոչինչ չի փոխվում, պարզապես կատարված Է աճպարարություն։
Մյուս կարեւոր միջոցառումը կապված է «փոքր» օբյեկտների տնօրինման առեղծվալի հետ: Այդ չարաբաստիկ օրենքի նախագծի մի շարք հոդվածների (մասնավորապես`12, 24, 32) քննարկումից պարզ Է դառնում, որ փոքր օբյեկտների «օպերացիան» արտադրական օբյեկտները մի խումբ մարդկանց ձեոքում կենտրոնացնելու գործուն միջոցներից է։ Այսպես, օրինակ, աշխատավորական կոլեկտիվին տրվելիք արտոնությունների բ կետում նշված Է, որ «Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» օբյեկտների… վրա»։ Արտադրության միջոցների ստվերային սեփականաշնորհման լայն դաշտ է բացվում. «փոքր» օբյեկտների կարգավիճակը հնարավորություն է տալիս աստիճանաբար ձեռնարկությունների արտադրության միջոցները փոխանցել նրանց կից այդ օղակներին։ Նույն հոդվածով զեղչի իրավունքը «փոքր» օբյեկտների վրա չի տարածվում։ Հասկանալի Է, որ մինչ սեփականաշնորհումը մի շարք խոշոր ձեռնարկություններ վերածված կլինեն «փոքր» օբյեկտների։
«Փոքր» օբյեկտների վաճառքի ժամանակ (հոդված 40) վաճառվում են նաեւ այդ օբյեկտների զբաղեցրած տարածքները։ Անհասկանալի Է, ըստ տվյալ հոդվածի, աճուրդով վաճառվում է օբյեկտը՞, թե՞ հողատարածությունը։ Փաստորեն, աճուրդի Է հանված նաեւ հողատարածությունը։ Այդ մոտեցումը հետագայում կարող Է հանգեցնել մի շարք բարդությունների։ Պարզապես՝ զբաղեցրած հողատարածության համար պետք Է վճարվի ռենտա։
Ինչ վերաբերում Է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման ձեւերին, ապա՝ ինչպես էլ այն իրականացվի, դարձյալ իրավական դաշտի բացակայության պատճառով, միեւնույն Է, հաղթելու են «ուժեղները»։ Այսինքն, հիշյալ օրենքի նախագիծը բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ չի ստեղծում։ Դեռ ավելին` ըստ հոդված 29-ի՝ հնարավոր է սոցիալական որոշակի շերտ ձեռնարկության ֆինանսական վիճակի կարգավորման պատրվակով դառնա գործազուրկ։ Պարզապես սոցիալապես անպաշտպան մի խավ իրականում (չնայած օրենքի նախագիծը ստեղծում է այն թվացյալ պատկերը, որ բոլորն էլ կարող են սեփականատեր դառնալ) չի մասնակցելու այդ գործընթացներին եւ խաղից դուրս Է մնալու։
Սեփականաշնորհման երրորդ փուլը, որպես տնտեսական մաֆիայի խրախճանքի շրջան, կապված Է հոդված 50-ի կիրարկման հետ։ Պետական ձեռնարկությունների տրամադրումը լիազորագրային կառավարման. այդ հոդվածում նշվում Է, որ «Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողները պարտավոր են ներկայացնել փաստաթղթեր, որոնք բնութագրում են նրանց ֆինանսական հնարավորությունները, այդ թվում՝ սեփական միջոցները, որից հետո միայն նրանց թույլատրվում է մասնակցել մրցույթին»։ Ակնհայտ Է, որ այդպիսի ֆինանսական հնարավորություններ կունենան միայն ստվերային էկոնոմիկայի գործունեությամբ եւ վերջին տարիների ալան-թալանի ժամանակ հարստացածները։ Պարզորոշ է, որ սեփականաշնորհման գործընթացն ունի խիստ կարգավորված բնույթ, եւ փուլ առ փուլ նրա տարբեր ձեւերի իրականացման տրամաբանական հաջորդականությամբ պետական օբյեկտները կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում։ Եվ այս ամենը փորձում են ներկայացնել որպես «կապիտալի նախասկզբնական կուտակման» գործընթաց։
Սեփականաշնորհման ամբողջ գործընթացի հանգուցային օղակը Հայաստանի Հանրապետության նախագահին տրվելիք իրավասություններն են (հոդված 20): Բնական է, նման օրենք ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահը աշնանային նստաշրջանին կներկայացնի ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման այնպիսի ծրագիր, որի ոգին անպայմանորեն կհամապատասխանի ընդունված օրենքի ներքին միտումներին: Դրանից հետո անարդարությունների, կամայականությունների և անօրինականությունների դեմ պայքարը անօգուտ կլինի, քանի որ դրանք կունենան օրենքի ուժ: Ահա այսպես են ստեղծվում Հայաստանի Հանրապետության տնտեսական հիմքերը:
Տնտեսական համակարգի ներկայիս «բարեփոխումները» անմիջականորեն հանգեցնում են ամբողջ հասարակության բարոյական անկման: Կառավարման համակարգում էլ դա դրսևորվում է դիկտատուրական սկզբունքների հաղթանակով: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը, ստանալով անսահմանափակ իշխանություն, Գերագույն խորհուրդը դարձրել է հոգևարքի մեջ գտնվող գրեթե անդեմ մարմին: «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրենքի նախագծի 22-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման վերահսկող «հանձնաժողովի կազմը սահմանվում է 20 հոգուց, որից 10-ը ընտրվում են ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, իսկ մնացած 10-ը նշանակվում են ՀՀ նախագահի կողմից»: Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են: ՀՀ նախագահը այդ 10 հոգուն կնշանակի այնպես, ինչպես նշանակեց նախարարների մեծ մասին, և, բնականաբար, կլինեն ՀՀՇ-ի թեկնածուները: Իսկ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվածները նույնպես ՀՀՇ-ից են լինելու, քանի որ նա է այսօրվա ԳԽ-ի դեմքը: Եթե անգամ ընդդիմությունից որևէ մեկը «սողոսկի» այդ հանձնաժողով, ապա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այնպես որ մեր սիրելի այրերը սեփականաշնորհման գործընթացը կտանեն իրենց հարմար ուղիով (հանձնաժողովում որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ), որի էությունը բխելու է վերը ներկայացված օրենքից կամ նույնն է` տնտեսական մաֆիայի շահերից: 95 տոկոս աղքատ բնակչություն ունեցող հանրապետության վրա փաթաթել այդպիսի սեփականաշնորհման կոնցեպցիա, մեղմ ասած` ազնիվ չէ: Եվ ընդհանրապես, իմաստ ունի՞, արդյոք, ազգային հարստությունը վաճառել արժեզրկված դրամով: Այսինքն, մի խումբ արժեզրկված դրամով ձեռք է բերելու հիմնական միջոցները, որոնց չօգտագործման դեպքում որևէ պատասխանատվություն չի կրելու, և տեղի է ունենալու արտադրական խոշոր կառույցների փոշիացում (ի դեպ, նախկին փորձագետների կարծիքով ԳԴՀ-ում սեփականաշնորհման գործընթացը կտևի 40 տարի):
Տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ կայուն ֆինանսական, բանկային և համապատասխան օրենսդրական ակտերի համակարգ… Հիշյալ օրենքը մշակելիս բնավ հաշվի չեն առնվել Հայաստանի տնտեսական զարգացման օրինաչափությունները… Կարճ ասած, առանց ազգային ծրագրի կատարվող յուրաքանչյուր քայլի նման այս «սեփականաշնորհումն էլ դատապարտված է և մեզ է դատապարտում»:
Հովսեփ Աղաջանյան