Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)
Հայաստանի տնտեսական համակարգը անդունդի եզրին է: Գրեթե չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները: Էներգիայի և այլ ռեսուրսների նվազագույն պահանջները չեն բավարարում անգամ պետական կառույցների միջոցով: Խաթարված է ֆինանսական և բանկային համակարգի գործունեությունը, տնտեսությունը խոր հիպերինֆլակցիայի փուլում է, աղքատություն է համատարած: Այս պայմաններում Հայաստանում իրականցվում է սեփականշնորհում, ընդունված է «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրենքը, որի կիրարկման համար ստեղծվել է պետական հանձնաժողով: Մամուլը բազմիցս անդրադարձել է այդ խնդիրներին և տվել իրարամերժ մեկնաբանություններ:
Մեր թղթակիցը սեփականաշնորհման ընթացքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով, հանդիպեց հիշատակված հանձնաժողովի մի քանի անդամների:
— ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովը ինչպե՞ս է նախապատրաստվում հիրավի բարդ ու դժվարին այդ գործընթացին:
Վոլոդյա Հովհաննիսյան.— Ընդունված օրենքի կիրարկման կարգի մասին որոշման համաձայն, հանձնաժողովը կայացած է համարում, եթե ընտրված է նրա ընդհանուր կազմի երկու երրորդը և նախագահը: Քանի որ նախագահը դեռևս ընտրված չէ, իրավական տեսանկյունից հանձնաժողովը չի ձևավորվի: Բայց հանձնաժողովի անդամները, այնուամենայնիվ, ձեռքերը ծալած չեն սպասում, թե իբր նախագահ կընտրվի, և ըստ էության ուսումնասիրվում ու քննարկվում են բազմաթիվ հիմնահարցեր, որոնց պարզաբանումը շատ կարևոր է սեփականշնորհումը հավուր պատշաճի իրականացնելու համար:
Կարեն Կոստանյան.— Սա երևի բազմակուսակցական սկզբունքով ընտրված առաջին հանձնաժողովն է, ինչը, կարծում ենք, աշխատանքը արդյունավետ կազմակերպելու իմաստով շատ մեծ դեր է խաղալու: Շատ ցանկալի կլինի, եթե Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ ընդգրկված լիներ հանձնաժողովում:
— Օրենքի կիրարկումը ինչպե՞ս է ապահովելու սոցիալական արդարության սկզբունքը: Եվ արդյո՞ք օրենքի տարբեր հոդվածների միջև հակասություններ չկան:
Վարդան Առաքելյան.— Սեփականաշնորհման ընթացքում մեր առաջին խնդիրը սոցիալական արդարության սկզբունքի պահպանումն է լինելու: Միայն իրական գործընթացը ցույց կտա, թե օրենքը ինչ հակասություններ է պարունակում:
Եթե կհամոզվենք, որ մի շարք հոդվածներ անկատար ու հակասական են, օրենսդրական նախաձեռնությամբ հարցը կմտցնենք Գերագույն խորհուրդ և կառաջարկենք կատարել համապատասխան փոփոխություններ:
— Լուրեր են տարածվում, թե հանձնաժողովի մեծամասնությունը հակված է պետական ձեռնարկությունների շուտափույթ սեփականաշնորհմանը՝ առանց հաշվի առնելու մի շարք բարդ քաղաքական և տնտեսական հիմնահարցեր:
Վոլոդյա Հովհաննիսյան. — Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե գոյություն ունեն բազմաթիվ տեսակետներ: Մենք կողմ ենք սեփականաշնորհման էվոլյուցիոն տարբերակին: Մանրազնին ուսումնասիրություններից հետո միայն որոշում կկայացվի այս կամ այն օբյեկտի սեփականաշնորհման նպատակահարմարության մասին: Շատ հաճախ թվերի խաղով փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Սեփականաշնորհման ենթական օբյեկտների ցանկում շատ են փոքրերը, որոնց մեծ մասը նախատեսվում է սեփականաշնորհել այս տարի: Բայց դրանք ընդհանուր արտադրողական կարողությունների մեջ փոքր տեսակարար կշիռ ունեն: Կարծում ենք, ալան-թալանի դեմն առնելու ճանապարհներից մեկը օրինական սեփականաշնորհման իրականացումն է: Հանձնաժողովը առավելագույնս հաշվի է առնելու հասարակության տարբեր շերտերի կարծիքները և ակնկալում է նաև նրանց աջակցությունը:
— Պատրա՞ստ է, արդյոք, սեփականաշնորհամն ծրագիրը:
Բագրատ Անդրեասյան. — Էկոնոմիկայի նախարարությունը մեզ է տրամադրել ծրագրի նախագիծ: Բավական երկար աշխատել ենք այդ փաստաթղթի վրա: Այստեղ ըստ էության ներկայացված է սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը ըստ ճյուղերի: Հուսով ենք, հանձնաժողովի կազմավորումից հետո, հնարավոր կարճ ժամանակում հանրապետության նախագահին ներկայացնել 1993 թվականի սեփականաշնորհման ծրագիրը: