«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)
Մարտի 17-ի առավոտյան նիստում, շարունակելով նախորդ օրվանից անավարտ մնացած կառավարությանը էմիսիա տրամադրելու հարցի քննարկումը, ՀՀ Գերագույն խորհուրդը կարճատեւ քննարկումից հետո քվեարկությամբ ՀՀ բանկին թույլատրեց 209 միլիարդ ռուբլու վարկային էմիսիա հատկացնել կառավարությանը։ Իր չափերով աննախադեպ նման քայլի անհրաժեշտությունը, ինչպես նշեցին ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ արդյունաբերության նախարարները, նպատակ ունի աշխատեցնել հանրապետության տնտեսությունը, ճգնաժամից դուրս բերել եւ գործելու հնարավորություն տալ արդյունաբերությանը։
ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը, մտահոգված վարկային էմիսիայի իրացման հստակ մեխանիզմների եւ վերահսկման բացակայությամբ, պնդեց քվեարկության դնել իր տարբերակը, որն ընդունելով վարկային էմիսիայի անհրաժեշտությունը, նախատեսում էր հատկացումները սկսել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի եւ բյուջեի ընդունումից հետո։ Սակայն քվեարկությանը մասնակցած 168 պատգամավորներից 154-ը քվեարկեցին հօգուտ կառավարության ներկայացրած նախագծին։
Այնուհետեւ ՀՀ Գերագույն խորհուրդը ՀՀ նախագահի կողմից հրավիրված արտահերթ նիստում քննության առնելով հայկական ատոմակայանի խնդիրը, 138 ձայնով ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կամ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգի մասին» որոշում, որով ուժը կորցված ճանաչվեց ՀՀ ԳԽ 1991 թվականի ապրիլի 17-ի համանման որոշումը։
ՀՀ ԳԽ ընդունած այդ որոշման վերաբերյալ իր նկատառումները խնդրեցինք ներկայացնել ՀՀ ԳԽ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Շահմուրադյանին, որը մասնավորապես ասաց. «Տարրական տրամաբանություն իսկ չկա այդ որոշման ընդունման հարցում։ Ինչպե՞ս կարող է հանրապետության էներգիայի պահանջարկի ընդամենը 23-24 տոկոսը բավարարող ատոմային կայանը փրկի այս ժողովրդին էներգետիկ սովից։ Իսկ այն վտանգը, որ պայթելու դեպքում այն ոչ միայն հանրապետության ողջ շրջակա միջավայրը, այլ ամեն ինչ է վերացնելու, մի՞թե ոչ մեկին ոչինչ չի ասում։ Ատոմակայանի գործարկման հնարավոր օգուտները մի՞թե կարող են հաշվեկշռվել նրա հնարավոր վթարի ահավոր հետեւանքների հետ։ Ինչպես կարելի է հենց այնպես, առանց երեւույթի էությունը հասկանալու կոճակ սեղմել։ Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ այս որոշումը դեռեւս չի նշանակում ատոմակայանի վերագործարկում։ Ես հույս անեմ, որ մեր կողմից արդեն խորհրդարանի օրակարգ մտցված էներգետիկայի վերաբերյալ օրենքի քննարկումների ժամանակ մենք կկարողանանք ատոմակայանի վերաբացման մասին որոշման իրավունքը վերապահել ԳԽ-ին»։
Նշենք, որ հարցի վերաբերյալ խորհրդարանի կողմից չընդունված ՀՅԴ պատգամավորական խմբակցության առաջարկած ծրագրով եւս ատոմակայանի վերաբացման մասին որոշումը նախատեսվում է վերապահել բացառապես Գերագույն խորհրդին։