«Հայաստանի Հանրապետություն», 20 մարտի, 1993թ.
Երեկ երեկոյան Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի պատվիրակությունը՝ ԳԽ նախագահ Ռուսլան Խասբուլատովի գլխավորությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանը, տեղակալ Արտաշես Թումանյանը, փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանը, պատգամավորներ, պաշտոնական այլ անձինք: Դիմավորողների մեջ էր նաև Հայաստանում ՌԴ դեսպան Վլադիմիր Ստուպիշինը:
Այցը նախատեսված է ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի և Սանկտ Պետերբուրգում կայանալիք երրորդ լիագումար նիստի նախապատրաստման շրջանակներում: Մինչ Երևան ժամանելը, պատվիրակությունն արդեն եղել էր Մինսկում և Կիևում:
Ժամանելուց անմիջապես հետո Տուսլան Խասբուլատովը մասնավորապես ասաց.
«Երևան ժամանելու ցանկությունը վաղուց կար, սակայն մենք էլ դժվարին խնդիրներ ունենք լուծելու: Բայց մեր համագումարի ավարտից հետո որոշեցի ձեռնամուխ լինել այս գործին: Մինսկում և Կիևում բավականին արդյունավետ աշխատեցինք: Հույս ունեմ, որ մեր աշխատանքն արդյունավետ կլինի նաև հայ գործընկերների հետ»:
Այսօր առավոտյան ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ Գերագույն խորհրդում:
(Սեփ. լրատվություն)