November 27, 2024

Ռուսաստանը հակամարտությունը միջազգայնացնելուն դեմ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 165(506), չորեքշաբթի

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ տարածել է հայտարարություն, ուր ասվում է. «ՌԴ նախագահի անձնական ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը Բաքու, Երևան և Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի, Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են այն պայթյունավտանգ իրավիճակի կայունացման խնդիրները, որը ստեղծվել է Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Ղարաբաղի հայերի դեպի Իրանի սահմանն առաջանալու արդյունքում: Բոլոր կողմերը համաձայնել են կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտության հետ: Տեղում փաստացի իրավիճակին ծանոթանալու նպատակով՝ իրականացվել է այցելություն Ֆիզուլու և Ջեբրայիլի շրջանների մերձակա տարածքներ, որտեղից այժմ հազարավոր գաղթականներ, հիմնականում կանայք, երեխաներ ու ծերեր դժվարագույն պայմաններում լքում են բնակավայրերը:

Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ անցկացված բանակցությունների արդյունքում ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը տասն օրով վերականգնելու մասին, պայմանով, որ այն կարելի է հետագայում երկարաձգել:

Մենք անհրաժեշտ ենք համարում, որ կողմերը խստորեն պահպանեն այդ համաձայնությունը, որը ձևակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի միջնորդությամբ, ինչը թույլ կտա առաջ տանել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բանակցությունները, հետ քաշել հարձակվող ուժերն ու վերադարձնել գաղթականներին: Կողմերն այժմ պետք է հատուկ աչալրջություն ցուցաբերեն, ամբողջովին մեկուսացնեն չվերահսկվող զինված խմբերը, բացառեն ռազմական գործողությունների վերսկսումը, առավել ևս հակամարտության միջազգայնացումը»:

Հայլուր

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives