«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Փոփոխություններ Ռուսաստանի ռազմական դոկտրինայում
1993-ի մարտին հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանը, նախագահ Ելցինի խոսքերով, «ռազմական դոկտրինայի սուր կարիք է զգում»։ «Վաղուց ժամանակն է»,– բացականչում էին մարտի 3-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հրավիրված զորավարները։ Նախագահը հրամայեց, եւ ռազմական ու արտաքին քաղաքական գործունեության «նոր կոնցեպցիան» (նախորդից տարբեր), ըստ երեւույթին կներկայացվի ամենամոտ ժամանակներս։
Ռազմավարական միջուկային ուժերը, սակայն, ինչպես նախկինում, ուղղված կլինեն «դեպի Արեւմուտք», բայց «սովորական» զինված ուժերի ստրատեգիական տեղաբաշխման հարցում արդեն իսկ սկսվել են լուրջ փոփոխություններ։ Դեռեւս անցյալ հունիսին առաջնություն էր տրվում արեւմտյան ուղղությանը, բայց կովկասյան տարածաշրջանում աճող անկայունությունը հանգեցրեց նրան, որ, գեներալ Գրաչովի խոսքերով, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգը դառնում է ՌԴ զինված ուժերի հիմնական բաղադրիչներից մեկը։ Օկրուգի տարածք է բերվել Քութայիսի ավիադեսանտային բրիգադը, եւս մեկ նման դիվիզիա արդեն կազմավորվել է։ Վրաստանից օկրուգ են փոխադրվում նաեւ 19-րդ առանձին բանակի, տրանսպորտային եւ մարտական օդուժի զորամասեր։
Ռուսաստանի պաշտպանության կարեւորագույն ռազմական սահմանագիծը այժմ արդեն անցնելու է Կովկասյան լեռնաշղթայի վրայով, նոր պետական սահմանի երկայնքով։ Բայց Անդրկովկասը Ռուսաստանի համար մնում է որպես Հյուսիսկովկասյան օկրուգի իրավիճակի վրա անմիջականորեն ազդող ստրատեգիական տարածք։ Այնտեղ, հին ստրատեգիական գծի վրա՝ Թուրքիայի հետ սահմանին, դեռ բավական շատ ռուսական զորքեր են մնում։
Դեռեւս մի քանի ամիս առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը հույս ունեին Անդրկովկասում անորոշ ժամանակով լուրջ ռազմական խմբավորում պահպանել։ Հիմա արդեն միանգամայն ակնհայտ է, որ հին սահմանին ցաքուցրիվ զորակայաններ պահելը անթույլատրելի ճոխություն է։
Գրաֆիկի գերազանցումով Գյանջայից հանվում է 104-րդ ավիադեսանտային դիվիզիան՝ ռուսական վերջին խոշոր զորախումբը։ Առայժմ բարեկամ Հայաստանում, Գյումրիում, Թուրքիայի սահմանին, նույնպես ռուսական դիվիզիա է տեղաբաշխված, բայց նրա ճակատագիրն էլ է անորոշ։ Իշխանությունը Հայաստանում կարող է փոխվել, դիվիզիայի զենքը «շտապ» կարող է պետք գալ Ղարաբաղի ռազմաճակատում կամ մի ուրիշ տեղ, իսկ շրջափակված Հայաստանում խոշոր միավորում պահելը ավելի ու ավելի թանկ է նստում։ Ամենածանր վիճակն այսօր Վրաստանում է, որտեղ տեղաբաշխված է Անդրկովկասում ռուսական ամենամեծ զորախումբը՝ հակաօդային պաշտպանության զորամասերը, Թուրքիայի սահմանին տեղաբաշխված երկու մոտոհրաձգային դիվիզիաները եւ այսպես կոչված «նոր զորախումբը», որն իրականացնում է նոր սահմանագծի մարտական պաշտպանությունը (Աբխազիայի ավիադեսանտային զորքը եւ երեք «խաղաղարար» մոտոհրաձգային գումարտակ Հարավային Օսիայում)։ Ընդ որում, նոր զորքերը, ի տարբերություն հների, միանգամայն մարտունակ են եւ լավ կազմավորված։
1992թ. ամռանը թվում էր, թե նախազահ Շեւարդնաձեի վարչախումբն ու ոուսական ղեկավարությունը լրիվ համաձայնություն են ձեռք բերել։ Հունիսի 24-ին Դագոմիսում ստորագրվեց Հարավային Օսիայի հետ կապված համաձայնագիր եւ այնտեղ մտցվեցին խաղաղարար զորքեր։ Հունիս-հուլիսին վրացական կողմին հանձնվեցին Ախալցխայի տանկային դիվիզիայի սպառազինությունը, Թելավիի գնդի ուղղաթիռները եւ այլն։ Օգոստոսին վրացական բանակը ներխուժեց Աբխազիա, բայց Ռուսաստանի չեգոքությունը Վրաստանի նկատմամբ դեռ բարեկամական էր մնում։
Շուտով, սակայն, ակնհայտ դարձավ, որ նորանկախ Վրաստանը եւ հատկապես վրացական բանակը այնքան փնթի են կազմակերպված, որ ի վիճակի չեն հաղթահարել նույնիսկ փոքրաքանակ ինքնագործ աբխազական ջոկատները՝ ունենալով նույնիսկ ուժի եւ միջոցների ճնշող առավելություն։ Հոկտեմբերի սկզբին աբխազական ուժերը գլխովին ջախջախեցին վրացական հզոր զորախումբը եւ իրենց հսկողության տակ առան նախկին ոուս-վրացական սահմանը Պսոու գետի երկայնքով։ Վրացական զորակայանները Գումիստա գետի եւ աբխազ պարտիզանների դիրքերի արանքում ճզմված մնացին։ Երկաթգիծը համարյա չի աշխատում, ավտոմայրուղին Օչամչիրի շրջակայքում մշտապես ռմբակոծվում է։ Վրացական բանակի՝ նոր աղետի ենթարկվելու հավանականությունը հսկայական է։ Դա կարող է արտահայտվել Աբխազիայից փախուստի դիմելով։
Շեւարդնաձեի հնարավորությունների կրճատմանը զուգահեռ թուլանում էին նաեւ նրա դիրքերը Մոսկվայում։ Այնպես որ գեներալ Գրաչովի ցուցադրական այցը Բաթում ու Գուդաուտա եւ բանակցելու համար Թբիլիսի մեկնելուց հրաժարվելը ընդամենը փոխհարաբերությունների սառեցման ցուցիչ էր: Վրացական կառավարության համար ռուսական զորքը առաջին հերթին տեխնիկայի, զենքի ու զինամթերքի աղբյուր է, որն անհրաժեշտ է ռազմաճակատում դրությունը ինչ-որ կերպ կայունացնելու համար։ Այս հանգամանքներում որեւէ բանի շուրջ պայմանավորվելը դժվար է։
Երկու կողմն էլ շահագրգռված են ժամանակավոր փոխզիջումներում, բայց ոչ ավելին։ 19– րդ հակաօդային բանակի մնացորդները, գեներալ Ռեուտի զորքը, բանակախմբի շտաբը Թբիլիսիում, նույնիսկ Ախալքալաքի դիվիզիան, սահմանապահ զորքը «դատապարտված» են։ Ոչ միայն տեխնիկական ու ծանր զենքը, այլեւ անձնակազմը անհնար է այնտեղից հանել առանց վրացական իշխանությունների աջակցության կամ գոնե միջամտության։ Պայմանավորվածությամբ շահագրգռված է եւ վրացական կողմը, չէ՞ որ նրանք կցանկանային տեխնիկան եւ զենքը ստանալ սարքին վիճակում։ Ավելի բարենպաստ է Բաթումի դիվիզիայի վիճակը, այն մատակարարվում է նավահանգստից եւ հարկ եղած դեպքում այնտեղով էլ կարող է հեռանալ դեպի Հյուսիսկովկասյան օկրուգ, որտեղ, ճիշտն ասած, ավելի է պետք։
Սակայն իրադարձությունների զարգացման ավելի վատթար տարրերակ էլ կա. եթե պարտություններն Աբխազիայում Շեւարդնաձեին ստիպեին իրոք «համընդհանուր զորահավաք» անցկացնել, ինչի համար Վրաստանում չկան ոչ շտաբային կառուցվածքներ, ոչ կադրային զորամասեր։
Զենքը կբաժանվի մարդկանց, բայց երբեք արդեն հետ չի վերադարձվի։ Վրաստանը կարող է նոր Տաջիկստանի վերածվել, եւ այնժամ ռուսական զորքերը, հնարավոր է, այնտեղ մնան անորոշ ժամանակով։
«Սեգոդնյա» 10 մարտի