«Երկիր», 20 փետրվարի, 1992թ., 30 (119)
Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ծավալված պատերազմը փետրվարի 18-ին փաստորեն մտավ մի նոր փուլ, երբ խորհրդային օդուժի օգտագործմամբ նրանք ռմբակոծեցին հայկական մի շարք բնակավայրեր։ Ռուսական «ՄԻ–8» տեսակի ուղղաթիռից («կրոկադիլ»), 8 չկառավարվող հրթիռներով, ռմբակոծվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Մեհտիշեն գյուղերը, Եվլախ-Նախիջեւան գազամուղի Բերքաձորի պոմպային կայանը։
Գյուղերը ռմբակոծելուց հետո, ռազմական ուղղաթիռը հեռացել է դեպի Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Ավելի ուշ` երեկոյան, նույն տիպի ուղղաթիռից, որը նույնպես հանրապետության սահմանը կտրել է Աղդամի տարածքից, ռմբակոծվել է Մարտունի քաղաքը։ Ուղղաթիռի հարձակմանը զուգահեռ, Մարտունիի վրա հրթիռներ են արձակվել նաեւ
Ամիրանլար գյուղի կողմից։ Ռազմական ուղղաթիռից հայկական բնակավայրերի ռմբակոծության հետևանքով Մարտունիում 5 բնակելի տուն եւ շրջանային դատախազության շենքը փլվել են, վիրավորվել են նաեւ երկու բնակիչներ։
Նորագյուղ եւ Մեհտիշեն գյուղերում կան ավերածություններ, իսկ գազամուղի պոմպակայանը բարեբախտաբար չի վնասվել։
Հիշեցնենք նաեւ, որ, նախապես, Մարտունու վրա Ամիրանլար գյուղի կողմից կատարված ռմբակոծության ժամանակ զոհվել են երկու հայեր` Վարդգես Հարությունյանը եւ Արայիկ Սարգսյանը։ Իսկ փետրվարի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Միրբաշիր քաղաքի եւ Մարտակերտի շրջանի Մարկուշավանի սահմանագծում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել են ևս երկու հայորդիներ` Իվան Հարությունյանը եւ Լեւոն Գաբրիելյանը։