«Երկիր», 23 հունիսի 1992թ.
Երեկ, ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում, ԳԽ նախագահության անդամ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե հանուն Հայաստանին օդի պես անհրաժեշտ խաղաղության, ՀՀ նախագահը պատրա՞ստ է արդյոք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Լեւոն Տեր–Պետրոսյանը պատասխանեց, որ ինքն ամեն ինչ կանի՝ խաղաղության համար վճարելու նվազագույն գինը։
Վերջին օրերի ընթացքում Արցախում իրադրության կտրուկ սրման, ՀՀ իշխանությունների դանդաղկոտության ու անվճռականության պատճառով Շահումյանի անկման, ադրբեջանական բանակի՝ Մարտակերտի շրջան տեղափոխված լայնածավալ հարձակման, Ռուսաստանի՝ ամենաքիչը երկիմաստ քաղաքականության պայմաններում նախագահից կարելի էր ակնկալել ավելի որոշակի պատասխան, որը կվկայեր Արցախի խնդրում ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշման մասին։ Այդպիսի դիրքորոշում, ամենայն հավանականությամբ, չկա, եւ հիմա մնում է միայն կռահել, թե որն է այդ «նվազագույն գինը», քանի որ արդեն այսօր, կորցնելով Շահումյանը, մենք կարող ենք կարծել, որ Շահումյանի անկումը տեղավորվում է «նվազագույն գնի»՝ իշխանությունների ըմբռնման շրջանակներում։
Եթե Հայաստանին անհրաժեշտ խաղաղությունը մենք պատկերացնենք առանց Արցախում հաստատված խաղաղության, միամիտ մոլորության մեջ ենք լինելու, մոլորություն, որ ապագա չունի եւ անխուսափելիորեն հանգեցնելու է մեծագույն ողբերգությունների։
Հայաստանում չի կարող խաղաղություն հաստատվել, եթե Արցախում պատերազմ է։ Գոնե հիմա սա պետք է պարզ լինի բոլորիս։ Ուրեմն, Արցախի խաղաղությունը նաեւ մեր խաղաղությունն է, սրանք չպետք է բաժանել։ Իսկ այդ խաղաղությունը պետք է ձեռք բերվի առանց տարածքային որեւէ կորստի։ Այս հարցում էժան ու թանկ, ավել կամ պակաս չկա։ Եթե խաղաղության գինը տարածքի կորուստն է, ուրեմն դա խաղաղություն չէ, այլ սպանդանոց քշված կենդանու սպասում, որի հետ ժողովուրդը, մանավանդ Արցախի բնակչությունը երբեք ու երբեք չի համակերպվի։ Քառամյա մաքառումը հենց խաղաղություն նվաճելու ուղին է. ուրիշը չունենք։
Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարությամբ բավարարվելու կոչ անող ոմանք երեւանյան իրենց բնակարաններում նստած՝ իհարկե չեն հասկանում հրետակոծության տակ անտառներով փախչող շահումյանցուն. չեն հասկանում ու չեն խորշում՝ իրենց բնակարաններում ավելի հանգիստ նստելու ու իշխանավարելու համար՝ ողջ Արցախը թուրքին հանձնելուց։
Ի՞նչ փույթ, թե ընթացքում, իրենց իսկ սերմանած կուսակցական տարաձայնություններից պառակտվում է բանակը, որ զինվորական համազգեստով մարդիկ «քաղաքագետներից» օրինակ վերցնելով հեռուստատեսությամբ սեւացնում են Շանումյանի մարտերում իրենց կյանքը զոհաբերած, ինքնաձիգներով հրասայլերի դեմ մարտնչած ազատամարտիկներին։
…Այս հարցում կուսակցական տարաձայնությունները բացառելը եւ միասնական ճակատով մեր հայրենիքի ամբողջականության համար պայքարելը պիտի լիներ իշխանությունների քաղաքականության հիմքերի հիմքը։ Այսօր թշնամին երկու կողմից վիթխարի ուժեր է կուտակել Մեղրու եւ Կապանի սահմաններին։ Այդտեղ արտակարգ դրություն եւ պարետային ժամ է մտցված։ Խաղաղության համար վճարելիք «նվազագույն գինը» ենթադրում է նաեւ այդ շրջանների կորուստ։ Ժողովուրդն այս հարցում սխալվել թույլ չի տա։ Կան ազգապահպանությանն առնչվող խնդիրներ, որոնք ժողովուրդը, գոյատեւման իմաստուն խորհրդով, չի վստահում ոչ ոքի, այլ իրագործում է ինքը՝ բոլոր թանկ ու էժան գների միակ վճարողը՝ առանց նայելու որեւէ իշխանության ու իշխանավորի։