March 29, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Մեր միասնությունը հեքիաթային չէ

Մեր միասնությունը հեքիաթային չէ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

– Պրն Մանուկյան, Գերագույն խորհրդում ստեղծվել էր սահմանամերձ շրջանների պաշտպանվածությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որի նախագահը Դուք էիք: Օրերս խորհրդարանում ներկայացվեց հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ անբավարար են գնահատված այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, որո՞նք են դրանց արմատները:

– Գերագույն խորհրդում տվյալ հարցի քննարկումները վերաբերում էին ոչ միայն սահմանամերձ շրջաններին, այլև, այսպես կոչված, համալիր ծրագրին: Նստաշրջանում խոսվեց և՛ ընդհանուր քաղաքականության, և՛ հանրապետությունում տիրող բարոյա-քաղաքական մթնոլորտի, տնտեսական համակարգի, ինչպես նաև բանակի ձևավորման մասին: Պայմանականորեն կարելի է ասել, որ այն բաժանվեց 3 մասի:

Նախ դատապարտվեց այն քաղաքականությունը, որը մեր հայրենիքի պաշտպանությունը ենթադրում է կատարել հիմնականում քաղաքական միջոցներով և ապավինել մեզ մոտ տեղակայված ԱՊՀ-ի զինված ուժերին: Կյանքը ցույց տվեց, որ եթե երկիրը չունի բանակ, ապա այն խաղալիք է դառնում և քաղաքական փոփոխությունների դեպքում նա երաշխիքներ չի ունենում իր սահմանները պաշտպանելու համար:

Երկրորդը հանրապետության բարոյահոգեբանական մթնոլորտն է, որը չի նպաստում ժողովրդի հայրենիքի պաշտպանության անհրաժեշտության գիտակցմանը, հնարավորություն չի տալիս մոբիլիզացնել ժողովրդին, կենտրոնացնել կառավարության աշխատանքները կանոնավոր բանակ ստեղծելու ուղղությամբ:

Հարցերի երրորդ փունջը որոշակի խնդիրների համախումբ է՝ կապված պարետությունների, սահմանապահ զորքերի, ռազմականացված բնակավայրերի, երկրապահ ջոկատների հետ, որոնց լուծումը պետք է գտնի կառավարությունը:

Կարելի է առանձնացնել նաև չորրորդը. բացակայում է այն իրավական մեխանիզմը, որով պայմանավորվում է բանակի ստեղծումը: Չկան զինված ուժերի զինվորական, դատախազության, դատարանի, ոստիկանության մասին օրենքներ:

Դա մեր թերացումն է: Միայն այդ օրենքների ընդունումից հետո կարագանա բանակի ստեղծման գործընթացը: Մեր գնահատականները վերաբերում էին հարցերի ամբողջ համալիրին, և ես կարծում եմ, որ այդպիսի գնահատական կարելի էր տալ առանց հանձնաժողով ստեղծելու և մանրամասն ուսումնասիրելու:

– Իսկ ի՞նչ կասեք հարցի ապագայի մասին:

– Փաստորեն Գերագույն խորհուրդն ընդունեց բոլոր այն կետերը, որ մենք էինք առաջարկել: Սա և՛ իրավական դաշտի ստեղծման, և՛ կառավարության կողմից համապատասխան աշխատանքներ տանելու հարցն է: Հատուկ սրությամբ բարձրացվեց նաև սահմանամերձ գոտու բնակչության սոցիալ-կենցաղային բնույթի հարցերը:

Հանձնաժողովի եզրակացության առաջին կետում նախատեսվեց դիմել ՀՀ նախագահին, որ նա մեկամսյա ժամկետում ներկայացնի Հայաստանի պաշտպանության մասին հիմնադրույթները: Ամեն մի երկիր ունենում է իր պաշտպանության ստրատեգիան:

Ես որպես օրինակ կբերեմ ԱՄՆ-ը, շատ երկրներ անկախություն ձեռք բերելուց հետո որդեգրեցին պետություն կառուցող այդ մոդելը: Որոշ դեպքերում դա բերում էր սուր հակասությունների  ազգային ավանդույթների առումով, իսկ որոշ դեպքերում էլ դա օգտակար էր լինում: Եթե ԱՄՆ-ի օրինակով շարժվենք, ապա նրանց, այսպես կոչված՝ «աստեղային պատերազմը» փաստորեն պաշտպանության հիմնադրույթներ է, որ նրանց պետության նախագահը՝ Ռեյգանը, առաջարկեց իր ելույթներից մեկում: Ըստ ԱՄՆ-ի օրենքների, այդ նախագիծը պետք է հաստատվեր կոնգրեսի կողմից, որից հետո արդեն կմասնավորեցվեր բազմաթիվ ծրագրերի և կսկսեր իրականացվել: Սակայն այդ ծրագիրը այդպես էլ կոնգրես չմտավ: Ճիշտ է, բյուջեից կային որոշ հատկացումներ, ինչ-որ գումար, սակայն ծրագիրը չդարձավ Ամերիկայի պաշտոնական ստրատեգիան, հիմնադրույթը: Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի այժմյան նախագահ Բուշը համալսարաններից մեկում ելույթ ունենալիս առաջարկեց նոր իրավիճակին համապատասխանող մեկ-երկու էջից բաղկացած հիմնադրույթներ: Այդ հիմնադրույթները այժմ պետք է մտցվեն կոնգրես, քննարկվեն, և ընդունվելուց հետո սենատը համապատասխան օրենքներ կմշակի: Պենտագոնը, դրանք ի գիտություն ընդունելով, կսկսի մշակել զորքերի կառուցվածքը, կուսումնասիրի նրանց կրճատմանը կամ ավելացմանը վերաբերող հարցերը: Նույնը սպասվում է նաև Հայաստանում: Հանրապետության նախագահը պետք է առաջարկի ինչ-որ հիմնադրույթներ, որոնք, եթե ընդունվեն Խորհրդարանի կողմից, ապա հիմք կհանդիսանան հարյուրավոր օրենքների, կարգադրությունների:  Հիմնադրույթներից պետք է բխեին մեր զինված ուժերի կառուցվածքը,  թվաքանակը և այլն:

– Ցանկալի է իմանալ Ձեր կարծիքը վերջերս կայացած իշխանության և ընդդիմության սուր առճակատման մասին: Որո՞նք են առճակատման արմատները և ինչու՞ էիք դուք մեղմացնում այն:

– Առճակատումը բնական էր, որովհետև մենք կորցրեցինք Շահումյանը և Մարտակերտը: Երբ պետությունը հաղթում է, ոչ մի առճակատում չկա: Պարտության դեպքում իշխանությունները պատասխանատու են այդ պարտության համար, պատասխանատու են՝ անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: Ես կարող եմ նշել որոշակի պատճառներ, թե ինչ պետք չէ անել: Բացի դրանից, քանի որ Շահումյանի հանձնումն անսպասելի էր, ժողովրդի մի մասի մեջ կասկածներ առաջացան, որ դա ինչ-որ խաղ է, տարբեր քաղաքական ուժեր սկսեցին իրար մեղադրել, դրանով իսկ նպաստելով հանրապետությունում կասկածամտության ծավալմանը: Անկեղծ ասած՝ ես կասկածամիտ մարդ չեմ, և շատ անգամ պարտությունները  բացատրում եմ պաշտոնյաների անկարողությամբ, ծուլությամբ, իրավիճակի անտեղյակությամբ: Իսկ այդ օրվա իմ մեղմ ելույթը կապված է այն բանի հետ, որ առճակատումը հասել էր այն աստիճանի, որ, ինչպես ասում են, «ջրի հետ երեխային էլ կարող էր դուրս շպրտել»: Եվ դրա համար ես նպաստում էի, որ ընդունենք փոխզիջման տարբերակը, և դրության հետագա սրում չլինի: Այլ ճանապարհը մեզ փակուղի էր տանում:

Ինձ թվում է, որ այն որոշումը, որ ընդունեցինք, իսկապես լավ որոշում է, հարցերը կանոնավորվում էին, այսինքն՝ արտաքին աշխարհին ցույց տրվեց, որ մեր քաղաքական դիվանագիտության մեջ մենք ունենք մի եզր, որից այն կողմ անցնել չենք կարող, և իմաստավորվեց Արցախում կռվող մարտիկների թափած արյունը:

– Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում նշեց, որ Ձեզ առաջարկել է մի շարք պաշտոններ, սակայն դուք մերժել եք: Ինչու՞:

– Այդպիսի խոսակցություն եղել է: Նախագահն ասաց, որ ինձ  առաջարկում է խորհրդատուի պաշտոն: Նախագահն այս ամենը այլ կերպ ներկայացրեց, ասելով, որ իմ հրաժարվելը այդ պաշտոնից ԱԺՄ-ի թելադրանքով է: Իրականում ԱԺՄ-ի ոչ մի ճնշում չի եղել, և ես դեռևս ինքնուրույն կարող եմ որոշումներ ընունել: Ես իսկապես մերժեցի խորհրդատուի պաշտոնի տարբերակը, որովհետև դա իմ աշխատանքի բնագավառը չէ: Ես առաջարկեցի այլ տարբերակ, երբ ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցությունների ժամանակ կքննարկվեն սահմանների պաշտպանության, բանակի ստեղծման, ինչպես նաև Արցախի հարցերը, ես միշտ պատրաստ եմ մասնակցել այդ խորհրդակցություններին և ամեն ինչով կօգնեմ այդ գործին: Բայց դրա համար ինձ որևէ կարգավիճակ ունենալ պետք չէ: Ես նպատակ ունեմ ստրատեգիական հետազոտությունների կենտրոն ստեղծել: Դա լինելու է հասարակական մի ծառայություն, որը կկարողանա մշակել այն ազգային ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն պետության կողմից, որովհետև իմ աշխատանքով, իմ փորձից ելնելով ես գիտեմ, որ կառավարությունը, գործադիր իշխանությունները զբաղված են առօրյա հոգսերով և երբեմն չեն կարողանում տեսնել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և դեպի ուր է պետք գնալ: Հետևաբար անհրաժեշտ է մի այդպիսի կենտրոնի գոյությունը: Նման մարմին գոյություն ունի շատ երկրներում:

– Ժամանակին Հայաստանի նախագահը մեղադրեց Դավիթ Վարդանյանին պաշտոնամոլության մեջ՝ ասելով, որ Դուք վարչապետ եղած ժամանակ առաջադրել եք Դ.Վարդանյանին արտգործնախարարի պաշտոնում, սակայն խորհրդակցելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ փոխել եք Ձեր կարծիքը:

– Այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահն էր, իսկ ես՝ վարչապետը, ըստ օրենքների, վարչապետն ինքն էր որոշում նախարարների խորհրդի կազմը, դրանից հետո այդ թեկնածուները պետք է անցկացվեին Գերագույն խորհրդով: Այնուհետև ինձ լիազորեցին, որ առանց Գերագույն խորհրդի ես նշանակեմ նախարարներին: Փաստորեն ես, համաձայն օրենքի, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, իրավունք ունեի նախարար նշանակել: Բայց ես իհարկե խորհրդակցում էի, որովհետև մարդ էի, որովհետև մարդն իր վրա երբեք չի կարող վերցնել այդպիսի պատասխանատվություն: Սկզբում ես ստեղծել էի մի փոքր խումբ, որը զբաղվում էր կադրերի առաջադրմամբ: Որոշ կադրերի հարցով ես խորհրդակցում էի «Ղարաբաղ» կոմիտեի այս կամ այն անդամի հետ, որոշ կադրերի հարցով խորհրդակցում էի արդեն գործող գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ես չեմ ուզում նշել, թե որ թեկնածությունը ում հետ եմ քննարկել, բայց վերջնական որոշումը ես էի ընդունում:

Իսկապես, Դավիթ Վարդանյանին առաջարկել եմ արտգործնախարարի պաշտոնը և այդ հարցով խոսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:  Նա կողմնակից էր այդ որոշմանը: Սակայն առաջարկս մերժել է ինքը՝ Դավիթ Վարդանյանը: Ընդհանրապես Գերագույն խորհրդի շատ պատգամավորների եմ առաջարկել այս կամ այն պաշտոնը, սակայն ոմանք այն մերժել են: Նույնիսկ անցյալ տարվա հունիսին ինքը՝ Տեր-Պետրոսյանն էր ինձ առաջարկում Դավիթ Վարդանյանին արտաքին գործերի նախարար նշանակել, սակայն, կրկնում եմ, Դավիթ Վարդանյանն ինքն է մերժել այդ առաջարկը:

– Ի՞նչ կավելացնեք:

– Մենք բավական ծանր վիճակում ենք գտնվում: Բայց ես հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ մեր ապագային: Մեզանում բացակայում է միասնության միտումը: Շատերին թվում է, թե այդ միասնությունը հեքիաթային է: Իհարկե, հեքիաթային կլիներ, եթե բոլոր կուսակցությունները միանային, և ստեղծվեր մեկ կուսակցություն: Դա իրոք անհեթեթություն կլիներ: Սակայն կան շատ հարցեր, որոնք միասնական են բոլոր կուսակցությունների համար, այդ հարցերի շուրջ նրանք կարող են միավորվել, և իշխանությունները պետք է նպաստեն դրան: Այսինքն՝ միավորող ուժը պետք է լինի իշխանությունը: Բայց, ցավոք, հակառակն է տեղի ունենում: Անընդհատ քարկոծվում է այս կամ այն կազմակերպությունը, անհատը: Ազգը, որ մի պահ միասնացել էր, նորից տրոհվեց մասերի: Ես չեմ խոսում խավերի մասին: Իհարկե, նրանք կան, հակասական շահեր ունեն: Բայց այս վիճակում մենք պետք է միասնության ձգտում ունենանք, և իշխանությունները պետք է իրականացնեն այդ ձգտումը: Ցավոք, այժմ իշխանությունները իրականացնում են հակառակ ծրագիր:

Վ. Մանուկյանի հետ հարցազրույցը  վարեց`Կարեն Հեքիմյանը, «Անկախություն», 1992թ., 24 հուլիսի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives