«Ազգ», օգոստոսի 7, շաբաթ, 1993թ.
Ադրբեջանի այն պատկերը, որ գծում է «Քրիսչըն Սայընս Մոնիթըր» հայտնի թերթը, հենվելով թուրք պաշտոնակատարների վրա, նորություն չէ մեր ընթերցողների համար: Այդ երկրում կատարված վերջին իրադարձությունները մենք ներկայացրել ենք հաջորդաբար: Հետաքրքրական է այն իրականության ընդունումը, ինչ վերաբերում է շրջանի կացությանն ու ուժերի հարաբերակցությանը, որ արևմուտքցիները, առաջնորդվելով իրենց ստերեոտիպերով, նախկինում մերժում էին ճանաչել: Երկրորդ, «Նյու Յորք Թայմզի» նյութում, կարծում ենք, այդ ստերեոտիպերը դեռևս պահպանված են: Ասելով, թե նոր անկախացած Կովկասում և Միջին Ասիայում իշխանության գլուխ են նախկին կոմունիստական առաջնորդները և այդ երկրների ժողովրդավարությունը դեռևս նորոգումների կարիք ունի, թերթը մեկ տող անգամ չի գրում Հայաստանի մասին, որ իր ժողովրդավար պատկերով բոլորովին չի համընկնում նախորդներին:
Անցյալ տարվա հունիսին, իր ընտրություններից քիչ հետո Ադրբեջանի մորուքավոր ազգայնական Աբուլֆազ Էլչիբեյը մեկնեց Թուրքիայի մայրաքաղաք, որտեղ Քեմալ Աթաթուրքի գերեզմանն այցելելով, պատվո գրքի մեջ արձագանքեց հետևյալը. «Քո համեստ զինվորը՝ Էլչիբեյ»:
Թուրքիայի Հանրապետության հիմնադրի նվիրվածության այս արտահայտությունը նրան թուրք ժողովրդի սիրելին դարձրեց: Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած թրքալեզու հանրապետություններից և ոչ մեկի առաջնորդը այդքան բացահայտորեն չէր արտահայտել իր թուրքամետ տրամադրությունը:
Պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան միշտ մրցել են իրար հետ Կովկասում տիրապետության հաստատման համար: Ադրբեջանն իր թրքալեզու բնակչությամբ եղել է Թուրքիայի պատվարը Կովկասում, որն էլ իր հերթին դարպասն է դեպի Միջին Ասիայի մյուս հինգ թրքաբնակ հանրապետություններ:
Սա է պատճառը, որ Բաքվի վերջին իրադարձություններն ու Էլչիբեյի փախուստը դեպի հարևան Նախիջևան խիստ մտահոգություն պատճառեցին Թուրքիայի ղեկավարությանը: Թուրքական մամուլը նշեց, որ այդ հեղաշրջման մեջ Ռուսաստանի մատը խառն է, մի տեսակետ, որ պաշտոնական շրջանակներում ևս չեն բացառում: Թուրքիան նույնիսկ Էլչիբեյի անունից բողոք ներկայացրեց ՄԱԿ-ին: Բայց նոր իշխանությունների ամրապնդումով նա վերջերս փոխել է իր դիրքորոշումը և արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ Մեջլիսը երկրի օրինական, սահմանադրական մարմինն է և ընտրել է Հեյդար Ալիևին որպես ղեկավար, ուստի նա ընդունելի կլինի Թուրքիայի համար, եթե կարողանա կայունություն հաստատել երկրում»:
Թուրքական կառավարական շրջանակներում քննադատում են Էլչիբեյին ապստամբներին դիմադրություն չցուցաբերելու, իր քաղաքական դիրքերը չպաշտպանելու և երկրից փախչելու մեջ: «Նա պարզապես արյունահեղությունից խուսափեց»,- ասում է արտգործնախարար Հիքմեթ Չեթինը «Մոնիտորի» թղթակցին: «Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել այստեղ»:
Բաքվում նոր իշխանությունն իր դիրքերն է ամրապնդում, ճնշելով նախկին ղեկավարի կողմնակիցներին: Նրանց ձերբակալում են իբր Ալիևին սպանելու մտադրություն ունենալու համար: «Մենք հավատում ենք, որ ժողովրդավարությունն է կայունության միակ նախապայմանը, բայց այն երկրներում, որտեղ նման հասկացություններ դեռ գոյություն չունեն, երկար ժամանակ կպահանջի կայունության հաստատման համար»,- ասում է Թուրքիայի արտգործնախարարության ավագ աշխատակիցներից մեկը:
Թուրք ղեկավարները հավատացած են, որ Ալիևի և Հուսեյնովի միջև համագործակցությունը երկար չի կարող տևել: Իշխանության համար պայքարն անխուսափելի է նրանց միջև: Մյուս կողմից, հակառակ Ալիևի անցյալին (որպես ՊԱԿ-ի և կոմկուսի առաջնորդ), նրանք գտնում են, որ նա կարող է կառավարություն հաստատել երկրում:
«Ես չեմ կարծում, որ նրան կարելի է մեղադրել նախկին կոմունիստների հետ համագործակցելու համար, ասում է նախագահ Սուլեյման Դեմիրելը հարցազրույցի ժամանակ, նա փորձառու և խելացի մարդ է»:
Դեմիրելի և Ալիևի ծանոթությունը մոտ 25 տարվա վաղեմություն ունի, ի տարբերություն իր նախորդի՝ Օզալի: Ասում են, թե Դեմիլերը գերադասում է Ալիևի գործնական քայլերն Էլչիբեյի երազային իդեալիզմից: «Օզալը նույնպես երազկոտ մարդ էր, մինչդեռ Դեմիրելը խիստ գործնական և նույնիսկ պատեհապաշտ է», ասում է արտաքին քաղաքականության մասնագետ պրոֆ. Այդին Յալչընը:
Արտգործնախարարության պաշտոնական աղբյուրները նշում են, որ ո՛չ ռուսները, ո՛չ էլ իրանցիները չէին համակրում Էլչիբեյին: «Հայտնի չէ, թե ներկայումս Ռուսաստանի և Ալիևի միջև սիրային որևէ կապ կա, թե ոչ, բայց պարզ է, որ Ալիևը չի դառնա խաղալիք ռուսների ձեռքին: Նա շատ փորձառու է և գիտե, թե ռուսաստանն ինչ ունի և ինչ կարող է անել», շարունակում են նույն աղբյուրները:
Այս տեսակետը խիստ քննադատվում է թուրքական մամուլի կողմից, որը մեղադրում է սեփական կառավարությանն Էլչիբեյին թիկունք չկանգնելու համար: Նրանք հավատացած են, որ այդ ամենը խաղ էր Կովկասում Ռուսաստանի տիրապետությունը վերահաստատելու նպատակով:
«Ռուսների գլխավոր նպատակն է ցույց տալ շրջանում կարգ ու կանոն հաստատելու Թուրքիայի անկարողությունը», ասում է. պրոֆ. Յալչընը: Որոշ մեկնաբաններ Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունը բացատրում են երկրաքաղաքական շահերի տեսանկյունից: «Մեր շահերը պահանջում են, որ այս շրջանը դառնա բուֆերային գոտի», ասում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեյֆի Թաշանը, իսկ նրանք ցանկանում են այն դարձնել առաջնային բազա»: Ոմանք գտնում են, որ ռուսները դիտավորյալ քաջալերում են ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հակամարտությունը, որպեսզի այդպիսով ամրապնդեն իրենց դիրքերը շրջանում: Նոր պաշտոնական անձնավորությունները համաձայն են այս տեսակետին, սակայն նրանք զգույշ են իրենց արտահայտություններում, հատկապես երբ հարցը վերաբերում է Ելցինի կառավարությունը մյուսներից տարբերակելուն: «Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, մենք պետք է հստակեցնենք, թե ո՞ր Ռուսաստանը նկատի ունենք, նշում է արտգործնախարարության մի աշխատակից, ես համոզված եմ, որ Ելցինի կառավարությանը ձենտու չի գրգռել իրադրությունը Կովկասում, որովհետև դա կհակասի նրա որդեգրած ժողովրդավարական քաղաքականությանը: Բայց Ռուսաստանում կան նաև ուրիշ ուժեր՝ բանակը, ՊԱԿ-ը, պահպանողականները, որոնք այլ կերպ են մտածում և դեռ չեն համակերպվել նոր իրականությանը»:
The Christian Science Monitor
22 հուլիսի, 1993թ.