«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
Օգոստոսի 25-ին լուսաբացը բոթ բերեց: Դրմբոնի մոտ զոհվել է 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը: Կույր գնդակից: Բեկոր Աշոտը, որը ողջ Արցախում առասպել էր դարձել արդեն իսկ կենդանության օրոք, գնաց, միացավ հայ հերոսամարտի առասպելական քաջերին և զորավար կարգվեց Դրոյի և Նժդեհի կողքին:
Անամոք է ցավը, և վիշտն՝ անհուն: «Առ զէն և զասպար քո և արի յոգնել ինձ, հան զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց…»,— երգում էր Տեր Կորյուն քահանան:
Սգո բազմահազար թափորը դանդաղ շարժում էր փողոցով, երբ շչակն օդային տագնապ ազդարարեց: Երթը չխախտվեց: Նույն մարդիկ՝ կին, տղամարդ, երեխա, որ երեկ կամ նախորդ օրը օդանավի ձայն լսելուն պես խուճապահար վազվզում էին փողոցով, հանդարտ ու վշտահար շարունակեցին առաջ քայլել, հանդարտ ու վշտաբեկ մնացին կանգնած մայթերին: Եվ քիչ անց կանացի մի ձայն ասաց. «Աշոտը մարդկանց ըռաջից բոմբի վախն էլ ա վեր քաղում…»:
«Բեկոր, Բեկոր, պատասխանիր»,— խրամատում կանչում էր ռադիստը: Եվ երբ ի պատասխան լսվում էր սուր ու վճռական՝ «Բեկորը լսում է, Բեկորը լսում է», պետք է խոստովանել, իրոք ապահովության զգացում էիր ապրում: Բեկոր Աշոտը մոտերքում է և տեղդ գիտե, ուրեմն՝ լոխ լավ կլինի»:
Լուր էին բերում, թե թուրքերը մեր այսինչ դիրքը գրավել են: Աշոտը հավաքում էր իր «խոխեքին», նստում բեռնատարը, գնում: Հետո հարցնում խոխեքին՝ ո՞նց էր, կիսամանկական ժպիտով ասում էին. «Լավ էր, էլի… Բոլ-բոլ պեչենի ու սգուշչոնկա էր թուրքի պոստում: Կերանք-եկանք»: Այս ջահելները, որոնց համար քրիստոսահասակ Աշոտը ավագ եղբայր էր ու հայր, հիմա բանակում ամենալավ կռվողներն են: «Երանի քեզ, Աշոտ,— ասաց թաղման ժամանակ նրա զինակից ընկերուհին, որովհետև երբ գնդակը քեզ դիպավ, բոլոր տղաները ասացին՝ ինչո՞ւ Բեկորին դիպավ, ոչ թե ինձ…»:
Բեկորը խոհուն և իմաստուն, թեթևաքայլ ու պայծառերես, ժպիտը միշտ բեղի տակ… Իր խոխեքին պահպանելու համար էր, որ հնարավոր դարանի վտանգը կանխելու գնաց ու խփվեց: Մի Աղբյուր Սերոբ, մի Գևորգ Չաուշ, մի Բեկոր Աշոտ:
Աշոտ Ղուլյանի՝ բեկորներով լեցուն ու տնքացող սպիներով ծածկված մարմինը հողին հանձնվեց Ստեփանակերտի մի հրապարակում, որ այսօրվանից և առհավետ կրելու է հերոսի անունը: Հոգին թևածում է Արցախի վրա: