«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Մեկնաբանելով Կտրիճ Սարդարյանի եւ Աշոտ Բլեյանի ստեղծած կազմակերպության գործունեությանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը Արմենպրեսի թղթակցին ասել է.
– Արցախի հայ բնակչության պատերազմի վերածված ազատագրական պայքարը շատ մարդկանց մեջ ոգեւորությունից բացի առաջ բերեց նաեւ մտահոգության եւ ցավի զգացում։ Բնական է. պատերազմում մարդիկ են զոհվում, զոհվում են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդներ։ Այս առումով հասկանալի է բոլոր նրանց վարքագիծը, ովքեր ձգտում են ինչ-որ կերպ նպաստել պատերազմի շուտափույթ ավարտին: Ես խորապես ցավակցում եմ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բոլոր այն ծնողներին, ովքեր պատերազմի ընթացքում զավակ են կորցրել։ Որպես մարդ ինձ համար հասկանալի եւ ընդունելի է Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի նպատակը՝ աջակցել պատերազմի արագ ավարտին։ Սակայն անընդունելի եմ համարում գործունեության այն մեթոդը եւ հայեցակետը, որով նրանք ձգտում են հասնել իրենց նպատակին։
Այսօր, երբ միջազգային հանրությունը գործնական լուրջ քայլեր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը արդարացի եւ երկուստեք ընդունելի պայմաններով լուծելու համար, առնվազն տարօրինակ է Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի կոչերը՝ հրաժարվել պայքարից եւ գնալ միակողմանի զիջումների։
Մեր ժամանակներում այլակարծությունը եւ դրան համապատասխան գործունեության յուրաքանչյուր դրսեւորում գովելի է։
Սակայն Արցախի հարցում, եւ հատկապես պայքարի այս փուլում դրսեւորվող նրանց այլակարծությունը, կարծում եմ, վտանգավոր է եւ շատ վնասաբեր։ Ինչ վերաբերում է ստեղծվող նոր կուսակցությանը, ես հանձնարարել եմ ՀՀ դատախազության համապատասխան բաժնին՝ ստուգել Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի կողմից «Նոր ուղի» կուսակցության հիմնադրման հետ առնչվող բոլոր հանգամանքները։
Խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ «Երկիր»-ը ս.թ. փետրվարի 26-ին դիմել էր Հայաստանի արդարադատության նախարարություն պարզելու՝ գրանցվա՞ծ է, արդյոք, «Նորուղի» կազմակերպությունը։ Երեկ պաշտոնական պատասխան ստացանք, «…հայտնում ենք, որ «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը ՀՀ արդարադատության նախարարությունում չի գրանցվել: Ուրեմն՝ չի գրանցվել, բայց գործում է եւ, մեր կարծիքով, գործում է մեր ժողովրդի ու պետության դեմ։