Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79
Ստեփանակերտ: 28 ապրիլ: Ադրբեջանական բանակը շարունակում է զանգվածային հրետակոծության ենթարկել ղարաբաղյան պաշտպանական դիրքերը ռազմաճակատի տարբեր հատվածներում: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե ապրիլի լույս 28-ի գիշերը Թարթառի շրջանի ռազմական հենակետերից տանկերից, հաուբիցներից և «Գրադ» կայանքներից հրետակոծել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանական դիրքերը: Տուժածներ չկան: Ղարաբաղյան ուժերը դիմել են պատասխան գործողությունների: Այսօր առավոտյան ժամը 7-ին Թալիշի հրետակոծությունը վերսկսվել է: Գրեթե միաժամանակ ծանր հրետանուց և տանկերից հրետակոծվել են Աղդամի շրջանի Քաշ-Քարվենդ, Գյուլիջա և Սումա գյուղերի ղարաբաղյան դիրքերը: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Ղարաբաղյան ուժերը դիմել են պատասխան գործողությունների, որից հետո թշնամին դադարեցրել է կրակը: Այսօր ժամը 13:20-ին Ֆիզուլու շրջանի հենակետերից ականանետերից հրետակոծվել են Կարախանբեյլի և Կորղան գյուղերի ղարաբաղյան դիրքերը: Այսօր ժամը 10:05-ին ադրբեջանական մի քանի ռազմական ինքնաթիռներ 4 անգամ խախտել են ԼՂՀ օդային սահմանը, սակայն չեն ռմբակոծել բնակավայրերը՝ ըստ երևույթին, ունենալով հետախուզական նպատակներ: «Մի կողմից՝ Ադրբեջանը հայտարարում է կրակի դադարեցման մասին, մյուս կողմից՝ ավելացնում է լարվածությունը, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պատասխանատու Սերժ Առուշանյանը: Կասկած չկա, որ պաշտոնական Բաքուն ջախջախիչ պարտությունից հետո փորձում է ժամանակ շահել համալրելու համար սեփական բարոյալքված բանակի շարքերը»: