«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)
Բողոքում է Այազ Մութալիբովը
«Կոմսոմոլսկայա պրավդան» դեկտեմբերի 23-ին հրապարակել է հաղորդագրություն Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արդարադատության նախարարներ Նիկոլայ Ֆեոդորովի եւ Իլյաս Իսմայլովի կնքած քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերում իրավական օգնության ու իրավական հարաբերությունների վերաբերյալ պայմանագրի մասին։ Մինչ այս Ռուսաստանը նման պայմանագիր ուներ նախկին ԽՍՀՄ միայն երկու հանրապետության՝ Լիտվայի եւ Ղրղզստանի հետ։ Պայմանագրի ստորագրումից հետո Ն. Ֆեոդորովը հայտարարել է. «…Ադրբեջանը, ի տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի, առավել մեծ կամք ու ձգտում ցուցաբերեց այս պայմանագիրն ստորագրելու։ Իսկ ինքնին ստորագրումը նշանակում է, որ մենք պարտավորություն ենք ստանձնում սերտորեն պահպանել համընդհանուր արժեքներն՝ անկախ ներքին գործընթացներից»։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա պայմանագրի կնքումը Մոսկվայում ադրբեջանական արդարադատությունից թաքնվող Այազ Մոլթալիբովի ճակատագրի վրա։ Նույն համարում թերթը տպագրել է նրա հետ հարցազրույց, որտեղ Ադրբեջանի նախկին պրեզիդենտը մասնավորապես ասում է. «Ես միշտ փիլիսոփայորեն եմ վերաբերվել կարիերային, չեմ կտրվել հողից։ Ոչինչ մարդուն հավերժորեն չի տրվում։ Հավատացեք, իմ այսօրվա վիճակը միշտ եղել է աչքիս առաջ, զգում էի, թե սա ինչ մոտ է, ինչ հնարավոր, ե՛ւ այն քոսոտ աթոռի կորուստը, ե՛ւ դեռեւս երեկ նվիրված մարդկանց դավաճանությունը… Հիմա զգում եմ, Ադրբեջանի դառը փորձն ունենալով, ԱՊՀ մյուս երկրների ղեկավարները «ձգում են սանձերը» եւ ճիշտ են անում։ Իսկ ես մամուլի, ընդդիմության ուժգին ճնշման տակ էի գտնվում։ Զգում էի, որ ընդդիմությունը Ռուսաստանի ազդեցիկ ուժերի աջակցությունն է վայելում։ Դա, գիտեք, սկզբունք է, եթե ընդդիմություն է, ուրեմն ժողովրդավար է…
Ես զգում էի իմ միայնությունը, շվարել էի: Ես չէի ամաչում բացահայտ պրոռուսական քաղաքականություն վարելուց, քանի որ իմ հանրապետության համար հեռանկարները տեսնում էի ԱՊՀ շրջանակներում, Ռուսաստանի հետ տնտեսական ու քաղաքական կապերը պահպանելու մեջ։ Բայց մնացի առանց Մոսկվայի աջակցության։
…Ե՛վ հետաքննությունը, ե՛ւ իմ ձերբակալության օրդերը ֆարս են։ Ես չեմ պատրաստվում դրան մասնակցել։ Այն իրավական ամենաթողությունը, որ թագավորում է հանրապետությունում, իմ գործի օբյեկտիվ քննության հնարավորություն չի տալիս։ Այդ դատաքննության մասնակցելն ինձ համար ինքնասպանություն է. ես դրան չեմ գնա։
Անիծում եմ այդ պատերազմը։ Երբեք եւ ոչ մի դեպքում չէի փորձի ամրապնդել իմ քաղաքական հեղինակությունը այդ անհասկանալի պատերազմում տարած հաղթանակների գնով։ Այդ հաղթանակների հետեւում արյուն է եւ հեռանկարների բացակայություն եւ մեկ, եւ մյուս կողմից։
Ի՞նչ է անում հիմա Ռուսաստանը Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշիայի սահմաններին՝ Շախրայով, զինվորական ստորաբաժանումներով։ Գործում է. ստեղծել է ժամանակավոր վարչակազմ, ակտիվ զինաթափում է իրականացնում։ Նույնը պետք է աներ Գորբաչովը ԽՍՀՄ-ում։ Եվ չէր անում։ «Խաղաղ ուղիներ որոնեք, փոխզիջումներ, հավասարակշռություն փնտրեք…»։ Հավասարակշռվեցինք մինչեւ փլուզում։ Եթե Ռուսաստանն այդ դասերը հաշվի չառնի, նրան նույնպիսի փլուզում է սպասում»։
Ահա այսպիսի դատողություններ է անում Բարաննիկովի ամառանոցում պահմտած Այազ Մութալիբովը։ Իսկ Բաքվում երազում են նրա դատողությունները մեղադրյալի աթոռից լսելու մասին եւ Թուրքիա պատվիրակություններ ուղարկելու հետ միասին չեն մոռանում արդարադատության նախարար գործուղել Մոսկվա՝ իրավական փաստաթղթի ստորագրելու։