«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
Մարտի 9-ին «Երկիր»–ում տպագրված «Ես հիացած եմ դատախազ Գեւորգյանի ճկունությամբ» հոդվածում ԳԽ պատգամավոր Աղասի Արշակյանը ի թիվս այլ փաստերի հիշատակում էր նաեւ իր, Թելման Գդլյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Միքայել Գրիգորյանի միջեւ կայացած մասնավոր խոսակցությունը, որը հետագայում հայտնի դառնալով գլխավոր դատախազիս՝ հասել էր մինչեւ խորհրդարան։ Հրապարակումից մի քանի օր անց Մ. Գրիգորյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ Արշակյանի հոդվածի վերաբերյալ ինքը պարզաբանումներ ունի։ Մեր թղթակցին դատախազի առաջին տեղակալը հայտնեց հետեւյալը.
– Անհարկի է այդպիսի համառությամբ տակավին քննության ընթացքի մեջ գտնվող քրեական գործի տվյալներից չբխող մեկնաբանություններ անելը։ Խոսքը Ատբաշյանի գործի մասին է։ Հետեւելով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ մտադիր չեմ այդ գործով մեկնաբանություններ կատարել։ Սակայն «Երկիր»–ի հրապարակման կապակցությամբ կցանկանայի ասել. մինչ այժմ բոլոր հրապարակումները, որոնք առաջադրված մեղադրանքները համարել են անհիմն, անհեթեթ եւ միտումնավոր, ճիշտ չեն։ Ամենայն հավանականությամբ, այդ կարգի լրատվություն հրապարակողների տվյալների աղբյուրը ոչ թե քրեական գործն է, այլ կողմնակի են, իմ կարծիքով, ոչ անշահախնդիր մարդիկ։ Կարող եմ միայն հայտնել, որ քրեական գործի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալների գործողությունների հետեւանքով մեր պետությանը պատճառվել է խոշոր գումարների, այդ թվում՝ տարադրամի վնաս։ Տեղի են ունեցել պետական գումարների վատնումներ։
Այժմ նյութում հոլովվող անձնական խոսակցության մասին։ Եթե անձնական խոսակցությունը ինչ-որ մեկին պատմելը բարոյական մարդուն անվայել է դիտվում, ապա դրա մասին հրապարակավ մամուլում հանդես գալը ընդհանրապես բարոյական չէ։ Կուզեի նաեւ հարցնել, թե որքանով է բարոյական պաշտոնատար անձին առանձին խոսակցության հրավիրելը՝ նախապես նրան չհայտնելով, թե ինչի մասին է լինելու խոսակցությունը։ Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ պրն Գրիգորյանը հայտնեց, որ քննության ներկա փուլում Դմիտրի Ատբաշյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխումը արդեն չի կարող ազդել քննության ընթացքի վրա։ Նա տեղեկացրեց նաեւ, որ, հակառակ Աղասի Արշակյանի հայտարարության, ըստ որի ոչ ոք իրավունք չունի նախնական կալանքի վեց ամիսը լրանալուց հետո նոր ժամկետ ավելացնել, հանրապետության գլխավոր դատախազը գործող օրենսդրությամբ այդ իրավունքն ունի, ինչն էլ կիրառվել է մեղադրյալներ Մելքոնյանի եւ Միրիջանյանի նկատմամբ։