November 27, 2024

Ղարաբաղի դեպքերի առթիվ

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 31 մարտի, 1920թ., թիվ 67

Հայաստանի նախարարապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանի հեռագիրը՝ ուղղված Բրիտանիայի գերագույն կոմիսար Ուորդրոպին, իսկ պատճենները — դաշնակիցների գերագույն կոմիսար գնդ. Հասքելին, ֆրանսիական զինվորական պետ Դ. Նոնանկուրին, իտալական զինվորական միսիայի պետ գնդ. Գաբբային և Հայաստանի ներկայացուցիչ Թումանյանին:

Երևան, 28 մարտի

Հայաստանի Հանրապետության կազմակերպման առաջին վայրկյանից Ադրբեջանի կառավարությունը Տաճկաստանի հետ միասին բոլոր մատչելի միջոցներով ձգտում էր բռնագրվել Հայաստանի անբաժան հողամասը կազմող Ղարաբաղը և Զանգեզուրը: Անցյալ տարվա օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայ ազգաբնակությունը՝ այդ ժամանակ փաստորեն կտրված իր մայր կենտրոնից — Հայաստանից, ստիպված էր Ադրբեջանի կառավարության հետ համաձայնության գալ և ժամանակավորապես ճանաչել վերջինիս իշխանությունն այնպիսի պայմաններով, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավորվում էր չկատարել զորքերի որևէ տեղափոխություն Հայկական Ղարաբաղի սահմաններում և չզինաթափել նրա ազգաբնակությանը: Մինչդեռ առաջին կետի նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից բազմիցս խախտումներ եղան, զորաշարժեր կատարվեցին, որոշ կետերում աշխատեցին կենտրոնացնել իրենց կանոնավոր և անկանոն ուժերը և վերջերս, նույնիսկ, Ղարաբաղի հայերին ներկայացրին վերջնագիր զինաթափ լինելու: Ազգաբնակությունը նման վերջնագիրը համարելով օգոստոսի 22-ի համաձայնության ակնհայտ խախտումն և դրա վրա նայելով, որպես նախանշան հայերի կանխորոշված կոտորածի, մերժեց նրա անիրավացի պահանջները    զինաթափման նկատմամբ: Ադրբեջանի կառավարությունը ստանալով մերժումն՝ մարտի 20-ին ձեռնարկեց իր զինաթափման աշխատանքներին և սկսեց հարձակումներ միաժամանակ ամեն կողմից Հայկական Ղարաբաղի և Զանգեզուրի վրա: Կատաղի կռիվները շարունակվում են: Հայաստանի կառավարությունը արտահայտելով կտրուկ բողոք Ադրբեջանի կողմից օգոստոսի 22-ի համաձայնության խախտման դեմ և դեպքերի ապագա զարգացման ամբողջ պատասխանատվությունը բարձելով Ադրբեջանի կառավարության վրա, խնդրում ենք Ձեզ, Ադրբեջանի կառավարության նմանօրինակ գործողությունների մասին Ձեր կառավարությանը տեղեկացնել և ձեռք առնել բոլոր միջոցները բավարարելու հայ ազգաբնակության օրինական պահանջը՝ պահպանել հայ ժողովրդին ներկայում սպառնացող Ադրբեջանի գործողություններից:

Հայաստանի նախարարապետ, արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives