Ազգ, 26 օգոստոսի, 1993թ., թիվ 163(414), հինգշաբթի
Օգոստոսի 23-ին, ժամը 22-ին Լենքորանում զինված ընդհարումներ սկսվեցին կառավարական զորքերի և Մուղանի Թալիշական Հանրապետության ղեկավար Ալիքրամ Հումմաթովի կողմնակիցների միջև: Վերջինս իր 200 մարդկանցով թաքնվել էր 704-րդ բրիգադի դիրքերում, որոնք լիովին շրջապատված էին Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումների ու տեղաբնակների զինված խմբերի կողմից և գնդակոծվում էին զրահամեքենաներից ու նռնականետերից: Ընդսմին, բրիգադի հրամանատարը ժխտում է իր տարածքում խռովարար գնդապետի գտնվելու փաստը:
Օգոստոսի 24-ի առավոտյան Լենքորանի վարչակազմի շենքի առջև շարունակվում էր բազմահազարանոց հանրահավաքը: Խաբար սերվիս գործակալությանը տված հարցազրույցում ստեղծված իրավիճակն օրհասական անվանեց Լենքորանի շրջանի գործադիր իշխանության նոր ղեկավար Դիլարուբա Ջամալովան: Նա երկյուղներ ունի, որ Հումմեթովի մարդիկ քաղաքում իշխանությունը զավթելու նոր փորձ կձեռնարկեն: Չնայած դրան՝ Ջամալովան հայտարարեց, թե նրանց չի հաջողվի վերականգնել իրենց վարչակարգը: «Մենք բավարար ուժեր, այդ թվում զինված ուժեր ունենք հանցագործներին դիմակայելու համար, որոնց նպատակները հեռու են Ադրբեջանի շահերից»,— ասաց նա: Դիլարուբա Ջամալովան 1980-88թթ. եղել է Ադրբեջանի կոմկուսի Լենքորանի մարզկոմի առաջին քարտուղար, իսկ վերջերս տեղական համալսարանի պրոռեկտոր: Նաև հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Ալիևի հրամանագրով Լենքորանի բախումների ժամանակ զոհված երեք անձանց շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Օգոստոսի 24-ին նրանց թաղմանը ներկա էր Բաքվից եկած պատվիրակությունը:
Սնարք