«Հայաստանի Հանրապետություն», 15 հունիսի, 1993թ.
Երեկ՝ 1993թ. հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց հետևյալ հայտարարությունը.
«Հայաստանի Հանրապետությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վճռական պահերին որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու հարցում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դրսևորած անկարողության համար, ինչպես նաև զինադադար հաստատելու բացառիկ պատեհությունը չօգտագործելու համար:
Հայաստանի Հանրապետությունը վստահ է սակայն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կկարողանան բարձր կանգնել երկրորդական ու նախաձեռնության հետ չառնչվող նկատառումներից՝ դրսևորելով իրենց իբրև ժողովրդի իսկական ղեկավարներ, և, քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ որոշում կայացնել ի շահ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղության՝ գիտակցելով սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ ու պատմության առջև իրենց պատասխանատվությունը»:
14 հունիսի, 1993թ., ք. Երևան