«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի, 1993թ., 143(747), չորեքշաբթի
Հուլիսի 20-ին Երասխավան-Սադարակ հատվածում հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի պատվիրակությունները: Մեր կողմից հանդիպմանը մասնակցում էին Գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Լեոնիդ Մարտիրոսովը, մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Ֆելիոս Գզողյանը, գլխավոր սահմանային կոմիսար Գրիգոր Գրիգորյանը և Արարատի շրջանի ղեկավարները: Նախիջևանի կողմը ներկայացնում էին մեջլիսի նախագահի տեղակալ Անար Սաֆարովը, հանրապետությունում տեղակայված զորքերի հրամանատարը, պաշտոնական այլ անձինք և Սադարակի շրջանի ղեկավարները:
Ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հրադադարի խախտումների, ինչպես նաև փոխհարաբերությունների հաստատման հարցեր:
Բիչենեկ-Արարատ հատվածում Նախիջևանի կողմից թույլ տրվող ոտնձգությունների կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու, հրադադարը ապահովելու հարցի շուրջ: Արարատի և Սադարակի շրջանների ղեկավարները պայմանավորվել են որոնել երկու շրջանների միջև ապրանքափոխանակության իրականացման հնարավոր ուղիներ: Կողմերը հանդիպում կունենան նաև եկող շաբաթ Բեչենեկում: