November 27, 2024

Հայաստանի պառլամենտի առաջին նիստը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի պարլամենտի առաջին հանդիսավոր նիստը՝ Երևանի քաղաքային ակումբի թատերասրահում: Այդ առթիվ քաղաքը տոնական կերպարանք էր ընդունել. հետաքրքրվողների հսկայական բազմությունը շրջում էր փողոցներում, զորքը զինվորական կարգով կանգնած էր ակումբի շենքի առաջ, որի մուտքի վրա ու ճակատին ծածանվում էր Հայաստանի Հանրապետության դրոշակը: Նիստին ներկա էր կառավարությունը՝ գլխավորությամբ մինիստր նախագահ Քաջազնունու. ձախ կողմի օթյակներում նստած էին գերման, ավստրիական և թուրք կառավարությանց ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը, թուրքաց և ռուսաց ազգային խորհուրդների ներկայացուցիչները, աջ կողմում նստած էին հայկական կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկյանը, գեն. Սիլիկյանը և այլ զինվորականներ: Մեկ օթյակ հատկացված էր մամուլի ներկայացուցիչներին, իսկ դահլիճի մեկ մասը ամֆիթատրոնի և պատշգամբի հետ միասին բռնել էին հյուրերը:

Հայաստանի խորհրդի անդամները նստած էին հետևյալ կարգով՝ աջ կողմը Հայ Ժողովրդական կուսակցության ֆրակցիան, թուրք, եզիդի և ռուս պատգամավորները, կենտրոնը և ձախի մեկ մասը բռնել էր Դաշնակցության ֆրակցիան, ձախ կողմը սոց.-դեմոկրատները և սոց.-հեղափոխականները: Շուտով ամբիոն բարձրացավ Հայոց Կենտրոնական Ազգային խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը, որին վիճակված էր բանալ Հայաստանի Խորհրդի առաջին նիստը: Նա դիմեց Խորհրդին մի ճառով, որը թարգմանվեց թուրքերեն և ռուսերեն լեզուներով:

Թարգմանությունը լսելուց հետո նա կարդաց Խորհրդի անդամների ցուցակը:

Այնուհետև Ա. Սահակյանը դիմեց Խորհրդին, առաջարկելով ընտրել Հայաստանի Խորհրդի նախագահ: Դաշնակցության ֆրակցիայի կողմից Սմբատ Խաչատրյանը հայտարարեց, որ նախագահության համար իբրև թեկնածու առաջարկում է Ավետիք Սահակյանին. մյուս ֆրակցիաները թեկնածուներ չառաջարկեցին:

Բաց քվեարկությամբ Հայաստանի Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը, ձեռնպահությամբ 6 սոցիալ-դեմոկրատների: Նա իր շնորհակալությունը հայտնելով՝ առաջարկեց ընտրել փոխնախագահներ: Հայ ժողովրդական կուսակցության կողմից Ա. Մխիթարյանը առաջարկեց Գ. Տեր-Խաչատրյանի թեկնածությունը, սոցիալ-հեղափոխականների կողմից առաջարկվեց Դավիթ Զուբյանը: Բաց քվեարկությամբ Գ. Տեր-Խաչատրյանը ձեռնպահությամբ 4 սոցիալ-դեմոկրատների և Դավիթ Զուբյանը միաձայն՝ ընտրվեցին փոխնախագահներ: Դաշնակցական ֆրակցիայի կողմից ավագ քարտուղարության թեկնածու առաջարկվեց անկուսակցական Պ. Զաքարյանը, որ և ընտրվեց միաձայն:

Դիվանի ընտրությունից հետո, նախագահը դիմեց Խորհրդին, որոշելու թե պե՞տք է արդյոք օրակարգը վերջացած համարել: Դաշնակցական ֆրակցիայի կողմից Սմբատ Խաչատրյանը առաջարկեց այսօրվա նիստը սահմանափակել արդեն եղածով և մնացյալ խնդիրները հետաձգել հաջորդ նիստին: Սոցիալ-դեմոկրատների կողմից առաջարկվեց հաջորդ նիստը նշանակել հետևյալ օրը, դաշնակցականների կողմից առաջարկվեց Բ նիստը կայացնել շաբաթ օրը: Հայ ժողովրդական կուսակցության կողմից Գ. Տեր-Խաչատրյանը հայտնեց, որ իրենց կարծիքով, հաջորդ նիստին կառավարությունը պետք է կարդա դեկլարացիան, իսկ եթե վաղը կառավարությունը իր հայտարարությունը չպետք է անե, ուրեմն և նիստ նշանակելը ավելորդ է: Կառավարության նախագահ Քաջազնունին ձայն խնդրելով ասաց, որ կառավարության հայտարարությունը անելու խնդիրը բոլորովին անտեղի են կապում հաջորդ նիստի հետ. «Այնուամենայնիվ, ես հայտարարում եմ,— ասաց նա,— որ կառավարությունը չի ենթադրում վաղը հայտարարություն անել»: Քվեարկության են դրվում հաջորդ նիստի ժամանակի վերաբերյալ երկու առաջարկներ. ձայների մեծամասնությամբ որոշվում է հաջորդ նիստը գումարել շաբաթ օրը, օգոստոսի 3-ին, որից հետո նախագահը հայտարարեց նիստը փակված:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives