«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648)
Մարտի 4-ի երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում փորձել են գրոհ զարգացնել Սարսանգի ջրամբարը հսկող մեր ջոկատների դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի գրոհը լիովին ետ է մղվել: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր: ԼՂՀ-ի մնացած ճակատներում, ինչպես նաև Գորիս-Լաչին միջանցքի գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Ճանապարհը գործում է անխափան:
* * *
Ի պատասխան ՄԱԿ-ի՝ հակամարտությունների հետևանքով գերի ընկածների և պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու կոչի, ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի որոշմամբ, այդ հարցերի կոորդինացման պարտականությունը հանձնարարվել է ԼՂՀ-ի ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովին:
Արմենպրես